«Եվրոպական երիտասարդական պառլամենտի աշխատանքները կազմակերպելը մեզ համար հեշտ չէր. եղան բազում հիասթափություններ, չստացված վիզաներ, հետաձգված այցեր և այն: Բայց անհրաժեշտ էր կամք, համառություն և պատրաստակամություն, որպեսզի այս ամիսների ընթացքում Եվրոպական երիտասարդական պառլամենտը լիներ և աշխատեր Հայաստանում»,-այսօր Ամերիկյան համալսարանում հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական երիտասարդական պառլամենտի նախագահ Սյուզաննա Շամախյանը:
Նոյեմբերի 1-ից 3-ը Երևանում տեղի կունենա Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի կողմից կազմակերպվող համաժողով՝ «Արևելյան Գործընկերություն և ԵՄ. ավելի համապարփակ համագործակցության ճանապարհին» թեմայով: Այն համախմբում է ավելի քան 140 երիտասարդների Հայաստանից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից:
ՀՀ-ում Ամերիկյան համալսարանի պրոռեկտոր (պրովոստ) Դեննիս Լևանսը նշեց. «Մենք վստահ ենք, որ Եվրոպական երիտասարդական պառլամենտն իր աշխատանքներում կհաջողի: Պետք է հստակեցնել մեր համընդհանուր նպատակները, ցանկություններն ու սպասելիքները: Փորձել հասկանալ՝ ինչպիսի ձևաչափ մշակել, մարդկանց օգնել փոխել իրենց կարծիքները, որպեսզի ստացվեն դրական արդյունքներ»:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ելույթում շեշտադրում կատարեց Վիլնյուսում կայանալիք հավաքի վրա ու նշեց. «Վստահ եմ, որ դուք սահմանափակված չեք շատ կարևոր քաղաքական որոշումներ կայացնելու պատասխանատվությամբ: Եվ դա ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ Վիլնյուսում կայանալիք հաջորդ հավաքին՝ Արևելյան գործընկերության համագործակցության շրջանակներում: Կարծում եմ, որ դա կլինի մի հավաք, որը կհստակեցնի հետագա համագործակցության օրակարգը: Այդ հավաքի ընթացքում հստակեցումներ կմտցվեն մի շարք ոլորտներում՝ մասնավորապես վիզայի ռեժիմի ազատականացում և այլն»:
Եվրոպական երիտասարդական պառլամենտի փոխնախագահ Հովսեփ Պատվականյանը, անդրադառնալով պառլամենտի աշխատանքներին, նշեց. «Ձեր մտքերն այստեղ գնահատվում են, խոսքերը՝ հաշվի առնվում»:
Եռօրյա համաժողովի ընթացքում երիտասարդները քննարկելու են նաև, թե ինչ ձևաչափով հնարավոր է ԵՄ-ի համագործակցությունը Հայաստանի հետ՝ հաշվի առնելով վերջինիս անդամակցությունը Մաքսային Միությանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ