Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եկող տարվա պետբյուջեի նախագծով առողջապահությանն ուղղված ծրագիրն անվանում է «սոցիալական համերաշխության ծրագիր»: Համենայնդեպս, Ազգային ժողովում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա այդպես հայտարարեց:
Եզրակացությունը հիմնված է նրա վրա, որ հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսվում է անվճար բուժօգնություն ցուցաբերել սոցիալապես անապահով այն ընտանիքներին, ովքեր 35 բալ անապահովության միավոր ունեն: «Իրականում այս առումով լուրջ խնդիրներ ունեինք, եթե անապահով ընտանիքն ուներ 36 և ավելի բալ, բուժսպասարկումն իրականացվում էր անվճար, բայց եթե ուներ 35 բալ, մինչև 300 հազար դրամանոց ծառայությունները վճարովի էին: Այս բյուջեով այդ հարցը կարգավորվում է»,- հավելեց Բաբլոյանը:
Հաջորդ տարի լրացուցիչ 3 մլրդ դրամ է նախատեսվում հատկացնել նաեւ անապահովների բուժսպասարկման համար:
2014 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է առողջապահության նախարարությանը հատկացնել ավելի քան 80 մլրդ դրամ: Սա նախորդ տարվա համեմատ ավելի քան 8 մլրդ դրամով ավելի է: Հաջորդ տարի բժիշկների միջին աշխատավարձը հուլիսի մեկից կկազմի 178 հազար դրամ, իսկ վարչական աշխատողներինը՝ 132 հազար դրամ:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ իր խոսքում ասաց, որ հաջորդ տարի պետբյուջեի ֆինանսավորմամբ նախատեսվում է հանրապետությունում լայնածավալ ծրագիր իրականացնել՝ բնակչության շրջանում սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերմանն ուղղված: Ըստ նրա, սա աննախադեպ ծրագիր է, որում կընդգրկվի բնակչության մոտ 50 տոկոսը:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց՝ առողջության պահպանման համար մեկ անձին բաժին ընկնող գումարն ինչքա՞ն է: Մինչ Սաֆարյանն իր աշխատակցին կհանձնարարեր 80 մլրդ դրամը բաժանել 3 միլիոնի`պատգամավորին անհրաժեշտ թիվը ստանալու համար, Արա Բաբլոյանն ասաց, որ ՀՆԱ-ի համեմատ այդ թվի համամասնությունը կազմում է 1,7 տոկոս, իսկ եթե անձն ընդգրկված է սոցիալական փաթեթներում` 1,8 տոկոս: Պատգամավորը, դիմելով Պավել Սաֆարյանին, նկատեց, որ ինքն էլ կարող էր թվաբանություն անել, իսկ հարցը հնչեցնում է, որպեսզի ակնհայտ դառնա, թե ինչքան քիչ գումար է ծախսվում մեր երկրում մարդու առողջության վրա, մինչդեռ մարդու առողջությունը պետք է գերակա լինի: Պատգամավորի առաջարկը`հիմնադրամների միջոցով լրացուցիչ գումարներ ներգրավել, նաեւ սփյուռքից, Պավել Սաֆարյանն ասաց, որ պատրաստ են քննարկել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ