Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ ռուսների վրա մի՛ գցեք

Նոյեմբեր 01,2013 13:30

Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Ճապոնիայում՝ ճապոներենը, Ֆրանսիայում՝ ֆրանսերենը: Եթե այդ երկրներում միջազգային համաժողով անցկացվի, որի աշխատանքային լեզուն, ենթադրենք, անգլերենը լինի, ոչ ոք չի ստիպի տեղացի մասնակիցներին, որպեսզի նրանք խոսեն ու հասկանան անգլերեն: Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի դեպքում դա, պարզվում է, հնարավոր է: Եվ պետք չէ ձեւ անել, որ այս դեպքում էլ Ռուսաստանն է մեզ ինչ-որ բան պարտադրում: Ընդհանրապես պետք չէ այդ երկրով մեր բոլոր թերությունները պայմանավորել:

Ռուսաստանն, իհարկե, աշխարհի ամենազարգացած եւ ամենաժողովրդավարական երկիրը չէ: Ժամանակ առ ժամանակ այդ երկրի ղեկավարությունն ընկնում է կայսերապաշտական մոլորությունների մեջ: Հիմա հենց այդ շրջանն է, որը, սակայն, երկար չի տեւի, որովհետեւ այսօր մեր բարեկամ պետությունը այդ պատրանքները (այդ թվում՝ «Մաքսային» եւ «Եվրասիական») իրագործելու որեւէ ռեսուրս չունի:

Բայց ի՞նչ է նշանակում Ռուսաստանի հանգամանքը «մահանա բռնել»՝ մեր արատները արդարացնելու համար: Ինչպե՞ս կարող է խոչընդոտել Ռուսաստանը (կամ որեւէ այլ երկիր), եթե մենք ցանկանանք անցկացնել ազատ ընտրություններ: Դեսպանատան աշխատակիցնե՞րն են ընտրակաշառք բաժանելու կամ քվեաթերթիկների տրցակներով ընտրատեղամասեր ներխուժելու: Կամ ի՞նչ է՝ ռուսնե՞րն են ստիպում, որ մեր չինովնիկները «ատկատներ» վերցնեն եւ բիզնեսների մեջ խցկվեն:

Եկեք մեր մասով մեր հասանելիքն անենք, եւ օտարները մեզ դրա համար միայն կհարգեն: Ռուսական կայսրության մեջ մտնում էին տարբեր երկրներ, որոնք այսօր միջազգային հանրության հարգված անդամներ են: Օրինակ՝ Ֆինլանդիան 1809-1917 թվականներին ռուսական տիրապետության տակ էր, այսպես ասած՝ «անվտանգության երաշխիքներ» էր ստանում Շվեդիայի դեմ:  Բայց ֆինները կարողացան նորմալ պետություն ստեղծել, շվեդները նրանց չկերան, իսկ հարաբերությունները Խորհրդային Միության եւ Ռուսաստանի հետ բարիդրացիական էին եւ են (բացի մի կարճ դրվագից):

Այնպես որ՝ ամեն ինչ մեր ձեռքում է: Այո, մի զարմացեք: Անկախ նրանից, թե ինչ է կատարվում փողոցում, քաղաքում կամ երկրում, ոչ ոք ինձ չի խանգարում իմ ընտանիքում սիրո, հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել եւ, ի դեպ, խոսել այն լեզվով, որով ես եմ ցանկանում: Եթե դիտարկենք մեր փոքրիկ երկիրը որպես ընտանիք, ապա կտեսնենք, որ արտաքին ճնշումներին դիմադրելու հզոր ներուժ ունենք:

Պարզապես պետք է գտնել, թե ինչն է մեզ միավորում: Մեզ չեն կարող միավորել որեւէ գաղափարախոսություն կամ քաղաքական համոզմունքներ՝ դրանք անհրաժեշտաբար պետք է տարբեր լինեն: Չի կարող միավորել կրոնը: Նույնիսկ նրանք, ովքեր մկրտված են, իրենց ամբողջ հոգով չեն ընկալում առաքյալներին պատվիրված ուսմունքը, պարզապես ծեսեր են կատարում: Էլ չասած, որ Հայաստանում ապրում են այլ դավանանքներ ունեցող կամ որեւէ դավանանքի չպատկանող հայեր:

Մեզ միավորողը եւ ազգային ինքնությունը պահպանողը, կարծում եմ, հայոց լեզուն է: Իսկ լեզուն, ինչպես հայտնի է, իրականությունն ընկալելու արտացոլումն է: Հետեւաբար ամեն մի հայ պետք է դիմադրի ուծացման ցանկացած փորձի, իսկ Հայաստանի ներսում պահանջի, որ հարգվի մեր երկրի Սահմանադրությունը: Ըստ որի՝ մեր պետական լեզուն հայերենն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (22)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ես նույնպես հույս ունեմ, որ այդ «Մաքսային» եւ «Եվրասիական»–ից ոչինչ դուրս չի գա։ Ինչ վերաբերվում է երկրի ներսում տիրող ամենաթողությանը, այստեղ նույնպես համաձայն են Ձեզ հետ՛ ռուսները մեղավոր չեն։ Պարզապես մեր չինովնիկները լավ աշակերտներ են և կրկնօրինակում են «մեծ եղբորը»։ Ով՜ կկտրի այն բարեբեր ճուղը, որի վրա նստած է։

  2. Կարո Մելիքյան says:

    Հարկավոր է օր ու գիշեր ստեղծել,ստեղծել ու էլի ստեղծել եւ ոչ թե մսխել…։Մարդ կա ուտումա ապրելու համար,իսկ մարդել կա ապրումա ուտելու համար…..

  3. Վահան says:

    Հայաստանում մի խումբ հայեր հավաքվում եւ այսպես կոչված ինտելեկտուալ խաղ են խաղում: Ողջ խաղի ընթացքը, քննարկումներն ու մեկնաբանությունները կատարվում են մի լեզվով, որը որքան էլ չցանկանան այդ խաղի մասնակիցները, երեւում է, որ իրենց մայրենին չէ: Մի կողմ թողնենք մայրենին: Հայաստանում, հեռուստատեսությամբ ոչ պետական լեզվով խաղ է հեռարձակվում: Ավելին՝ ականջ է սղոցում խաղը վարողի եւ մասնակիցների տհաճ առոգանությունը, էժան ցուցամոլությունը: Ու այս ամենը հանուն ինչի՞: Ինչո՞ւ հայերեն չեն խաղում: Ո՞վ, ո՞ւմ եւ ի՞նչ է ուզում ցույց տալ: Խաղում են անգամ կրթության նախարարի աթոռը զբաղեցնող, արդարատադության նախարարի աթոռը զբաղեցնող անձանց մակարդակով: Ցավալիորեն երեւի թե պարզ է, որ խոսքս Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող Ինչը, որտեղ, երբ հաղորդման մասին է: Ու չի կարող լինել ոչ մի հիմնավորում, թե ինչու է հայերենից բացի որեւէ այլ լեզվով տրվում թե՛ այդ, թե՛ ցանկացած այլ հաղորդում (իսկ այդպիսիք շատ են): Եւ այն, որ մեր ազգային հանդուրժողականությունը կարող է ծնել ու սնել նման հաղորդումներ կազմակերպողների, հեռարձակողների, վարողների, մասնակիցների՝ ինձ բավական է, որ ամաչեմ իմ հայ լինելուց: Ու ինձ ամենեւին հետաքրքիր չէ, թե այլ տեղերում ինչպես է:

    • Հրանտ Պապիկյան says:

      Կարելի է նաև ստիպել, որ գիտակները հանդես գան ազգային տարազ հագած և փափախներով, թե չէ այդ սմոկինգները բոլորովին հայեցի չեն…)))

    • Mariam says:

      Որքան տեղյակ եմ, Ինչ, որտեղ, երբ հաղորդման կանոններն են պահանջում, որպեսզի բոլոր երկրներում այն ռուսերեն լինի:
      Այնուհանդերձ, համաձայն եմ Ձեր պնդման հետ, որ հեռուստատեսությամբ շատ են ոչ հայալեզու, անորակ հաղորդումները:

  4. Ալեքսանդր says:

    Կարծում եմ Արամն ասաց այն ամենը, ինչ պետք էր ասել; Սակայն փորձում եմ հասկանալ, շեշտում եմ, հասկանալ, այլ ոչ թե արդարացնել հայկական հեռուստատեսությամբ /և ոչ միայն/ հնչող ռուսերենը: Պատճառն այն, որ մեր ընտրրախավը` էլիտան, գրեթե մեծ մասամբ ռուսական կրթություն ունի` նրանք 45-50 տարեկան են; Դա ժամանակով կանցնի, թեև ներկա պահին վտանգ է պարունակում; Ցանկացած լեզու, ներառյալ ռուսերենը, իր մեջ պարունակում է դա կրող ժողովրդի հոգեբանությունը, մտածելակերպը և այլն, որոնք խորդ են այլ ժողովուրդների համար: Որքան էլ դրանք բարեկամ լինեն; Ինձ, օրինակ, ամենամեծ տհաճությունն են պատճառում ռուսերեն խոսող հայերը, երբ դրա անհրաժեշտությունը չկա; Օրինակ, երբ ես լսում եմ, որ Իսկանդարյան ազգանուն կրողը քաղաքական վերլուծություն է անում ռուսերեն /թեև հայերեն կարծես գիտե, գուցե և ոչ շատ լավ/, ապա ինչան էլ խելացի բաներ ասի, ընկալում եմ նրան, որպես ռուսական, եթե ոչ ԿԳԲ-ի գործակլալ, ապա հաստատ ռուսական “ազդեցության գործակալ”:

    Թեև պետք է խոստովանեմ, որ չեմ սպասում, թե Кто, Где, Когда խաղը հայերեն այդքան բարձր մակարդակ կունենա; Բայց գոնե կարելի է փորձել, գուցե ժամանակով լավ ստացվի;

    Ռուսերենը մեզ պետք է, ինչպես և անգլերենը, ֆրանսերենը և այլ լեզուները; Փոքր, ՔԱՆԱԿՈ~Վ, ժողովուրդը պետք է իմանա մեծեի լեզում; Բայց կտրականապես դեմ եմ, երբ անհարկի փոխարինում է հայերենին;

  5. Հրանտ Պապիկյան says:

    Ես հայկական կրթություն ունեմ, բայց ռուսերենին տիրապետում են համարյա անթերի: Չգիտեմ, հարգելի Վահանը ինչ մասնագիտություն ունի, բայց մասնագիտական գրականությունը միշտ գտնում էինք ռուսերենով: Նույնիսկ հիմա, ինտերնետով հայերեն ինֆորմացիան շատ սահմանափակ է: Ռուսերենին տիրապետելը միշտ ինձ օգնել է , երեխաներս էլ ընտիր գրում և խոսում են այդ լեզվով, և դա մեզ պակաս հայրենասեր չի դարձնում, տեղն եկած տեղն էլ` պատիվ է բերում:
    Չգիտես ինչու վերջերս ռուսերեն լեզու տիրապետողներին քննքդատում են մի քանի կիսատ պռատ անգլերեն ֆրազա իմացող, անտեղի տեղը ՕՔԵՅ կամ ՎԱՈՒ ասողները, իսկ երբեմն էլ` մաքսիմալիզմի գիրկն ընկած չափից ավել “հայրենասերները”…
    Մաքսիմալիզմի դրսևորում է նաև վերը նշված խաղի քննադատությունը, որը “այսպես կոչված” չի այլ իրոք ինտելեկտուալ է: Դա այդ խաղի ՖՈՐՄԱՏՆ է, որը փոխել ըստ իս պետք չէ: Ի դեպ “ПОЛЕ ЧУДЕС”- ի հայերեն անալոգը` “շոգեքարշ”-ը, որ Կարապետիչն էր վարում, լավն էր?))))

    • Ալեքսանդր says:

      Հարգելի Հրանտ
      Ինձ թույլ կտամ առաջարկել ձեր օգտագործած մի քանի օտարաբանությունների հայերեն տարբերակները. Դրանք ոչ մի բանով Օքեյից և Վաուից ավելի լավը չեն;
      Ինտերնետ- համացանց
      Ինֆորմացիա – տեղեկություն, տեղեկույթ
      ֆրազա – դարձվածք, արտահայտությոն
      Մաքսիմալիզմ – ծայրահեղություն, ծայրահեղականություն
      ինտելեկտուալ խաղ- մտավոր խաղ
      ֆորմատ -ձևաչափ;

      Ներկա օգտագործվող հայերենը շատ աղտոտված է օտարաբանություններով; Հուսով եմ, որ ապագայում ուշադիր կլինեք օտարաբանությունների հանդեպ;

    • Վահան says:

      Հրանտ Պապիկյան, իմ գրածի ի՞նչը այդքան քեզ վրդովեցրեց…հարգելի Վահանը հայկական միջնակարգ եւ հայկական բարձրագույն տեխնիկական կրթություն ունի, Իտալիայում ստացել է բանասիրական կրթություն, թարգմանիչ է եւ խոսում է 10 լեզվով: Բայց իմ ոչ կրթությունը, եւ ոչ էլ գիտելիքները նվազագույն իսկ կապ ոչ իմ ասածի, ոչ էլ խմբագիր Աբրահամյանի ասածի հետ: Իմ ասածի մեջ ոչ մի ծաղր չկար, չկար այնպիսի բան, որ երգիծանքի տեղիք տար: Ի՞նչ կապ ունի Կարապետիչը: Ես մերժում եմ նաեւ Կարապետիչին, որ ռուսերենով հաղորդումներ էր վարում: Ես պարզապես պնդում եմ հետեւյալը. Հայսատանյան հանրային կյանքում պետք է լինի ՀԱՅԵՐԵՆԻ մենաշնորհ: Եւ վերջ: Իսկ եթե ծուլանանք, եւ քողարկվենք այն գաղափարով, որ անհրաժեշտ գրականություն կա ամեն լեզվով, միայն ոչ հայերենով, ապա ո՛չ համացանցում, ո՛չ էլ որեւէ գրադարանում հայերենով ոչինչ չենք ունենա, որովհետեւ դրա ստեղծողը չկա: Ես իմ դիպլոմայինը գրեել եմ հայերենով, իսկ իմ կուրսեցիները՝ թխեցին նախորդ դիպլոմայիններից ու ռուսերենով: Այ այսպես էլ չենք ունենում հայերենով գրականություն: Որովհետեւ հանդուրժում ենք, որ մեր ազգակիցները մեր իսկ երկրում արհամարհեն հայերենը ու ՄԵԾ տեղ տան ռուսերենին, անգլերենին: Որովհետեւ թերարժեքության բարդույթ ունենք, աստվածացնում ենք տերերի լեզուները եւ անարգում, ոտնահարում հայերենը: Քանի սա կա, այո, ամաչում եմ, որ հայ եմ: Երբեք չծաղրես:

      • Հրանտ Պապիկյան says:

        Մի ռուսերեն արտահայտություն կա` С вами всё ясно, որը մի փոքր ավելի շատ է նշանակում, քան եթե ասեմ որ Ձեզ հետ ամեն ինչ պարզ է…
        Միայն Ձեր այդ մի արտահայտությունը, որ արդեն երկրորդ անգամ կրկնում եք` հայ լինելու համար ամաչելու մասին, ինձ տալիս է իրավունք ոչ միայն Ձեզ ծաղրել, այլ նաև արհամարհել Ձեր բոլոր դիպլոմները և իմացած թեկուզ քսան լեզուները, քանզի ինչպես ասում է հին լատիներեն ասացվածքը` BARBA NON FACIT PLILOSOPHUM, (մորուքը իմաստուն չի դարձնում)…

        Ես ներողություն եմ խնդրում մոդերատորներից (հետաքրքիր է այդ բառի հայերեն տարբերակը կա?) այն բանի համար, որ գրածիս մեջ կարելի է վիրավորական երանգ տեսնել զրուցակցի նկատմամբ, բայց ես գտնում եմ, որ “ամաչում եմ, որ հայ եմ” արտահայտությունը շատ ավելի վիրավորական է և անթույլատրելի: Կարծում եմ այդ վերնագրով հոդվածը իրենց մոտ տպելու համար ադրբեջանցիները նրա առաջ “մարգարիտներ շաղ կտային”: Հուսով եմ տողերիս հասցեատերը ի վերջո կսթափվի և այլևս նման արտահայտություն անելուց զերծ կմնա, քանի որ յուրաքանչյուր բարոյական մարդու համար իր և իր ազգի ինքնությունը և ակունքները հարգելը ԱՆՀՐԱԺԵՇՏ պայման է` CONDITIO SINE QUA NON( լատ.)

  6. Ալեքսանդր says:

    Մոռացա “անալոգը” -նմանակ, կրկնակ

    • Հրանտ Պապիկյան says:

      Համաձայն եմ, բայց նշվածները հիմնականում արդեն միջազգային դարձած և արդի գրականության մեջ ու ԶԼՄ-ներում իրենց “տեղը պնդացրած” բառեր են: Չեմ վիճում, հայերեն տարբերակները ավելի գեղեցիկ են հնչում, բայց միջազգային տերմինները այնուամենայնիվ ավելի անվնաս են, քան օքեյն ու վաուն: Միաժամանակ ուզում եմ նշել, որ կա նաև մեդալի հակառակ երեսը: Երբեմն ողջ աշխարհում նույն կերպ հնչող միջազգային տերմինները ամեն գնով թարգմանելու մոլուցքը նույնպես ծայրահեղականության դրսևորումների է բերում, ի դեպ` ծիծաղելի արդյունքներով: Օրինակ ստրիպտիզի մերկապար տարբերակը ինչ որ մեկին դուր չի եկել և հեղինակել է ՀԵՍՏԱՊԱՐ բառը… Ամենացայտուն օրինակները բժշկական տերմինաբանության մեջ են, կարծես այդ “հայեցի” տարբերակների հեղինակը փոքր հասակից բժիշկներին չի սիրել և մեծանալով միջոց է գտել վրեժխնդիր լինելու)))
      Ողջ աշխարհում գինեկոլոգ է, մեզ մոտ` ԿՆԱԽՏԱԲԱՆ… ուռոլոգը` ՄԻԶԱԲԱՆ, դրենաժը` ՑԱՄԱՔՈՒՐԴՈՒՄ, նարկոզը` ԹՄՐԱՔՈՒՆ, իսկ դա կատարողի` անեսթեզիոլոգի թարգմանությունը լեզուս չի պտտվում ասեմ))))

      Հ.Գ. Բայց մտավոր խաղը դա այնուամենայնիվ դեռ ինտելեկտուալ խաղ չէ, լիովին չի արտացոլում իմաստը

      • Ալեքսանդր says:

        Հարգելի Հրանտ

        Բոլոր այսպես կոչված միջազգային բառեր օգտագործողները իրականում մոլորության մեջ են; Նման բառեր չկան; Կան ռուսերենի կազմությամբ աղավաղված լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ բառեր, որոնք սողոսկել են հայերենի մեջ հենց ռուսերենից;
        Այնպես որ ասելեվ միջազգային` հասկացիր ռուսերեն;

  7. Վահան says:

    Հրանտ Պապիկյան, դու հայերեն չգիտես, հետեւաբար քո սիրած ռուսերենն էլ չգիտես: Ալեքսանդրի բոլոր դիտողություններին հավելեմ նաեւ հասարակ մի բան. հայերենում ? նշան չկա: Ինչ է, համակարգիչդ ՞ նշանը չունի՞…ցավում եմ քեզ համար: Հետո էլ, ես չասեցի, թե հայրենասեր եմ՝ ի տարբերություն քեզ….

    • Հրանտ Պապիկյան says:

      Այդ հարցում իրոք ազնիվ եք գտնվել, որ չեք ասել…
      Բայց մի ընդհանուր բան այնուամենայնիվ մենք ունենք` երկուսս էլ նույն բանի համար ամաչում ենք` որ դուք հայ եք:
      Բարի գիշեր:

      • Վահան says:

        Հրանտ, չգիտեմ էլ, սա կկարդաս, թե՝ չէ, բայց ուզում եմ սա էլ ասեմ, ու չվերածեմ այս ամենը վիճաբանության: Ստացվեց, որ իմ մեկնաբանության շուրջն ավելի շատ քննարկում եղավ, քան բուն հոդվածի: Չհասկացա քո ձգտումը ինձ հետ ընդհանուր բան ունենալու: Եւ ի վերջո ստացվեց, որ մենք ամաչում ենք նույն բանի համար. ես՝ որ կան քեզ պես մտածող ու իմ հայերենը ծաղրող հայեր, դու՝ որ կամ ես: Էությունն ու հիմքը նույնն են, դիտանկյուններն են տարբեր: Իսկ դու իմ ամաչելու համար լիքը բան գրեցիր ու եկար իմ մտքին, որ նույն բանի համար դու էլ ես ամաչում: Հավելեմ նաեւ, որ լիովին համամիտ եմ Ալեքսանդրի եւ Մարատ Կոստանյանի հետ, Դիտորդի դիտողությունն էլ ընդունելի է, բայց իր ասելու մեջ իր իսկ հորդորած բարյացակամությունը բացակայում է:
        Եւ որպես Հ.Գ. ինձ ո՞նց չզայրացնի այն փաստը, որ հայաստանյան հայալեզու պարբերականի մեկնաբանությունները կարող են թույլատրվել ոչ հայերենով եւ այդ մեկնաբանություններում գրվում է ոչ թե ով ինչ է ասել, այլ Այսինչը says: Նախ՝ օտար լեզվով մեկնաբանություն գրողը ո՞ւմ համար է գրում ոչ հայերեն, եթե ինքը մեկնաբանություն է գրում հայերենով կարդալուց հետո, հայալեզու ընթերցողին: Երկրորդ՝ ինչո՞ւ է թերթը հանդուրժում նման մեկնաբանությունները: Եւ երրորդ՝ ինչո՞ւ գոյություն ունեն says եւ նման ոչ հայերեն արտահայտություններ: Կրկնեմ. հայերենը պետք է մենաշնորհ ունենա Հայաստանում եւ այս պարագայում ո՛չ իմ, ո՛չ քո, եւ ո՛չ էլ որեւէ մեկի օտար բազմաթիվ լեզուների իմացությունը ոչ մի նշանակություն չպիտի ունենա: Հուսով եմ, որ այդ օրը կգա:

        • Հարգելի Վահան: says-ի մասով կաշխատենք ծրագրային շտկում անել

        • Հրանտ Պապիկյան says:

          Վահան, քո հայերենը ոչ ոք չի ծաղրել, ամաչելու պատճառ կարող ես այլևս չունենալ: Հավատացնում եմ քեզ, որ քո` հուսով եմ պահի տակ ասված արտահայտությունը հայ լինելուց ամաչելու մասին, որքան շատ ընդիմախոսներ գտնի, այնքան հույսերը շատանում են, որ այս ազգը չի կործանվի: Իսկ ինչ վերաբերվում է հաղորդումներին` շատ հայերեն սերիալներում հնչող զզվելի աղավաղված հայերենը շատ ավելի վտանգավոր է երիտասարդ սերնդի համար, քան գիտակների և հեռուստադիտողների մրցույթը` գիտելիքների պաշարով և օտար լեզվի իմացությամբ: Բացի այդ, իրոք այդ խաղի արտոնագրման կետերից մեկը տվյալ լեզվով խաղալն է: Ես կամաչեի, եթե այդ տղաները իրենց թույլ տային եթերում խոսալ ասենք ինչպես Սոնա Շահգելդյանը Յուրմալայում….

  8. Մարատ Կոստանյան says:

    Օտար լեզուների իմացությունն առավելություն է, օտարալեզու լինելը` պակասություն

  9. Դիտորդ says:

    Հարգելի Վահան,

    3. ,,,,, Ինչը, որտեղ, երբ հաղորդման մասին է: ,,,,,,,,
    7.,,,,,, Ինչ է, համակարգիչդ

    կարծես թե, հայերենը պահանջում է ,,՞,,-ի առկայություն վերը մեջբերված դեպքերում:

    Պետք չէ շտապել շուտափույթ եզրակացությունների հետևից, մեկ բայրացկամ փոքրիկ հիշեցումը բավարար կլիներ,
    այնինչ՝ դու հայերեն չգիտես :
    Լավագույն Ցանկություններով

  10. Դիտորդ says:

    Կարենին՝
    -Ես նույնպես հույս ունեմ, որ այդ «Մաքսային» եւ «Եվրասիական»–ից ոչինչ դուրս չի գա։

    Հետաքրքիր է իմանալ եվրոպամոլները ինչ լեզվով են հաղորդակցվելու եվրոπդարաստների հետ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930