«Իրատես de facto–ի հյուրն է դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր ԱՆՆԱ ԿՈՆԴՈՆ (Աննա Աչդյանը), ով վերջերս Հայաստանում էր՝ լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքներով։ Մենք հանդիպել և զրուցել ենք նրա հետ ինչպես սպասվող ֆիլմի, այնպես էլ արդեն կինոյում նրա կատարած այլ գործերի մասին։ Հպանցիկ անդրադարձել ենք նաև իր տոհմածառին. նա Տիգրան և Արաքս Մանսուրյանների քրոջ դուստրն է, ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։
– Աննա, 2009 թվականին Ձեր՝ «Հպարտ Իզան» կարճամետրաժ ֆիլմով մասնակցել եք «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին։ Այն մեզանում չի արժանացել որևէ մրցանակի, բայց միջազգային այլևայլ փառատոներում ունեցել է հաջողություններ, ստացել տարբեր պարգևներ։ Առհասարակ, ինչո՞վ է պայմանավորված այս կամ այն ֆիլմի հաջողությունը փառատոներում, այստեղ որոշիչ է փառատոնի՞ ուղղվածությունը, թե՞ մրցույթը դատող ժյուրիի անդամների անձնական ճաշակը։
– Ես շատ բան չգիտեմ փառատոների մասին։ Կարծում եմ, որ փառատոները լավ հարթակ են մարդկանց համար, հնարավորություն, որպեսզի նրանք տեսնեն այնպիսի ֆիլմեր, որոնք ուրիշ տեղ չեն տեսնի։ Դրանց միջոցով բացահայտվում են նոր տաղանդներ։ Բայց ինքս անձամբ շատ տարված չեմ փառատոներով։
– Մինչ Հայաստանում Ձեր երկրորդ լիամետրաժ ֆիլմի վրա աշխատելը՝ նկարել եք ևս մեկ լիամետրաժ՝«Merry Cristmas»–ը, որը պատմում է ամերիկյան իրականության մասին։ Երբ փոխվում են կինոյում պատկերվող աշխարհները, դրա արդյունքում փոխվո՞ւմ են ռեժիսորի ձեռագիրը, ստեղծագործական հայեցակարգը։
– Ես դեռ չգիտեմ՝ արդյո՞ք ունեմ իմ ձեռագիրը։ Բայց ես հետաքրքրված եմ ամեն տեսակի մարդկանցով։ Եվ կարծում եմ, որ հզոր պատմություններն ունեն տիեզերական հնչողություն, տիեզերական բովանդակություն։ Դրանք համանման են, ինչպես մարդիկ են համանման։ Անկախ այն բանից, թե որտեղ եմ գտնվում, ֆիլմ եմ նկարում Ամերիկայում, Հայաստանում, թե մեկ ուրիշ տեղում, ինձ համար հետաքրքիրն այն է, որ ես օգտագործեմ ծիածանի բոլոր գույները։ Ես փորձում եմ անել դա։
– Դուք դերասանուհի եք, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր։
– Խոհարար։
– Դե՜, դա յուրաքանչյուր հայ կնոջ գլխավոր առաքելությունն է։ Եվ այս ամենի մեջ Դուք առավել կարևորում եք ռեժիսուրան, այո՞։
– Այո։ Այն աշխատանքը, որը ես սիրում եմ անել՝ իբրև ռեժիսոր, պահանջում է, որ ձեռքերս խցկեմ ամեն ինչի մեջ:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում: