«Գոյություն ունեցող եւ ապահովագրական հիմունքներով գործող կառույցի՝ Պետական առողջապահական գործակալության փոխարեն, որն ունի նաեւ մարզային կառույցներ, այս գործառույթը առողջապահության ապահովագրության սոցիալական փաթեթի շրջանակներում մասնավոր ապահովագրական ընկերություններին հանձնվեց: Այսինքն՝ միանգամից երկու առումներով՝ կառուցվածքային եւ կառավարման խնդիրներով ծրագիրը ներդրվեց: Նախապես եւ լրջագույնս չմշակված, առանց կանխատեսումների մի որոշում կայացվեց»,- հոկտեմբերի 1-ին «Առավոտին» տված հարցազրույցում մտահոգություն էր հնչեցրել առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:
Թեմային «Առավոտն» անդրադարձել էր դեռ անցյալ տարվա նոյեմբերի 8-ի «Առավոտում»: Արարատ Մկրտչյանն ասել էր. «Հետաքրքիրն այն էր, որ հանձնաժողովում բյուջեի քննարկման ժամանակ նախարարը հնչեցրեց, որ ապահովագրական ընկերություններից առողջապահության համակարգ հոկտեմբերի 15-ի դրությամբ մուտք է գործել մոտ 800 մլն դրամ: Իսկ մեզ հայտնի է, որ այդ ծրագրին 2012-ի բյուջեով հատկացվել է 8 միլիարդից ավելի գումար: Տարին ավարտվում է, եւ ընդամենը մոտ 10 տոկոսի գումարներ են մուտք գործել առողջապահության համակարգ: Ավելին՝ 2013-ին սոցիալական փաթեթի վրա ծախսվող գումարների աճ է նախատեսվում: Սա ապացուցում է, որ նախապես լրջագույնս չուսումնասիրված ծրագիր է եղել: Մինչեւ տարեվերջ շատ քիչ է մնացել, եւ մեր քաղծառայողները պարզապես չեն էլ հասցնի այդքան հիվանդանալ, որ 8 միլիարդի առողջապահական ծառայություններ ստանան: Ուստի մեկ լրջագույն թիրախ՝ կոռուպցիոն, ոչ ճիշտ կանխատեսումների, գերշահույթներ ստանալու ծրագիր է, որը եկող տարի նախատեսվում է ընդլայնել: Ո՞վ պետք է պատասխան տա այս չիրականացված եւ ոչ ճիշտ հաշվարկների ընթացքում մասնավոր ապահովագրական ընկերությունների բիզնեսը հովանավորելու համար: Եվ չսպասելով գոնե 2013-ի արդյունքների գնահատմանը՝ 2013-ին նույն ծրագրով աճ է նախատեսված»,- ասել էր Արարատ Մկրտչյանը:
Այսօր, արդեն 2014 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հարցը կրկին քննարկվեց խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին դիմելով, ասաց, որ 8 միլիարդ է հատկացված սոցփաթեթներով, որից 800 միլիոնն է ընդամենը օգտագործվել: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչով է նախարարը բացատրում այս ցուցանիշը եւ հարցրեց`եթե կա Առողջապահության գործակալության, ինչո՞ւ է մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով ծրագիրն իրականացվում: Փաստորեն, ըստ պատգամավորի, մնացյալ գումարը`7,2 միլիարդ դրամը մասնավոր ապահովագրական ընկերությունների ռիսկերին է տրվում:
Հետաքրքիր էր, որ Դերենիկ Դումանյանն էլ չուներ հարցի պատասխանը: Մինչ այդ, նույն հարցին պատասխանելով, ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասել էր, որ հարցին կանդրադառնան սոցիալական ոլորտի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ: Դերենիկ Դումանյանն ասաց. «Սոցիալական ապահովության նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ քննարկումներ կլինեն, ես եւս ցանկանում եմ այդ մասին իմանալ»: Հարցին հստակ պատասխան չտվեց նաեւ խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Նախարարը նաեւ ասաց, որ նախորդ տարվա վեց ամիսների համեմատ այս տարվա մուտքերն առողջապահության համակարգ երեք անգամ ավելացել են, եւ այս ֆոնին այն իրողությունը, որ առողջապահական ապահովագրական գումարների ընդամենն 10%-ը՝ 800 միլիոնն է օգտագործվել, Դումանյանը բացատրում է նրանով, որ մարդկանց մոտ դեռ սեփական առողջության նկատմամբ պատասխանատվության մշակույթ չի ձեւավորվել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ