Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վիլնյուսում կարող է ստորագրվել գեղեցիկ փաստաթուղթ՝ ցույց տալու, որ Հայաստանն ու ԵՄ-ն նորմալ հարաբերություններ ունեն»

Նոյեմբեր 01,2013 11:40

Վիլնյուսի նոյեմբերյան հանդիպման հետ կապված ՀՀ հասարակության մի մասը լուրջ սպասելիքներ ուներ՝ հուսալով, որ վերջապես կստորագրվի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, որի մասին չորս տարի շարունակ խոսվում էր ամենաբարձր ատյաններից: Այս հույսերը կարծես ի դերեւ ելան՝ սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մտնել Մաքսային միություն՝ լրիվ այլ համակարգ: Դրան հետեւեցին «կամ-կամ»-ի եվրոպական եւ «եւ-եւ»-ի հայաստանյան տեսությունները: Եվրոպացիները ասում էին, որ մենք պիտի հստակեցնենք՝ ի՞նչ ենք ուզում՝ ՄՄ թե՞ ԵՄ, իսկ մեր պաշտոնյաները համառորեն պնդում էին, որ կարող ենք համատեղել: Նախորդ շաբաթ եւս, անգամ այն բանից հետո, երբ Մինսկում ԱՊՀ ղեկավարների հանդիպմանը խորացավ ՀՀ-ի՝ դեպի ՄՄ կողմնորոշումը, մի քանի հայ բարձրաստիճան պաշտոնյաներ պնդեցին, որ Վիլնյուսում այնուամենայնիվ ինչ-որ բան կստորագրվի:

Մեր զրույցը «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ղեկավար Գեւորգ Տեր-Գաբրիելյանի հետ սկսեցինք հենց այդ հարցով.

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարգի փաստաթուղթ կստորագրվի Վիլնյուսում:

-Քաղաքագիտության մեջ շատ կարևոր է ունենալ որոշակի ատաղձ՝ մեթոդաբանական մոտեցում՝ հարցերին ճիշտ մոտենալու համար: Կանխագուշակումներ անելը քաղաքագիտություն չէ: Մանավանդ այն դեպքում, երբ գլխավոր սպասումը՝ որ Հայաստանը, այդքան տարի նվիրելով Եվրոպայի հետ սերտացմանը, այդ ուղուց չի շեղվի՝ չարդարացավ: Վիլնյուսում կարող է ստորագրվել ցանկացած գեղեցիկ փաստաթուղթ՝ որ ցույց տա, որ Հայաստանն ու ԵՄ-ն լավ, նորմալ հարաբերություններ ունեն, որ Հայաստանը դեռ չի դուրս եկել Արևելյան գործընկերությունից: Կարող է և ստորագրվել շատ կոնկրետ փաստաթուղթ՝ արտոնագրերի գործընթացը հաջողության հասցնելու վերաբերյալ, կամ համագործակցության՝ որևէ առաջնահերթ ոլորտում, ասենք՝ գիտության: Կարող է և ոչինչ չստորագրվել: Դիվանագիտությունը հնարավորություն է տալիս անել ցանկացած քայլ: Ես ոչ մի ներքին ինֆորմացիա չունեմ Վիլնյուսում սպասվելիքի մասին: Ես կարող եմ միայն ասել՝ թե ինչ պիտի տեղի ունենա Վիլնյուսից հետո՝ որպեսզի Հայաստանն այս պատմական պահը չկորցնի ամբողջությամբ. Վիլնյուսից հետո Հայաստանը կունենա մի քանի ամիս՝ որ չնայած հրաժարվել է Խոր և համապարփակ առևտրի համաձայնագիր ստորագրելուց՝ բայց որոշակի շահավետ ռազմավարություն մշակի ԵՄ-ի հետ՝ ապագայի վերաբերյալ:

-Ձեր խոսքի մեջ օգտագործեցիք «ուղուց շեղվել» արտահայտությունը: Ի՞նչ եք կարծում՝ ունե՞նք արդյոք հետդարձի ճանապարհ՝ այդ շեղված ուղուց:

– Եթե հետդարձ ասելով նկատի ունենք Խոր և համապարփակ առևտրի համաձայնագիրն ու նրան կից Ասոցացման համաձայնագիրը՝ ապա տվյալ փաստաթղթերի ուղենշած մերձեցումը ԵՄ-ի հետ կարծես թե անցավ պատմության գիրկը, ճիշտ ինչպես հայ-թուրքական պրոտոկոլները: Եթե, մյուս կողմից, խոսքը ԵՄ-ի հետ մերձեցման Հայաստանի շանսերի մասին է՝ ապա բոլոր ուղիները մնում են բաց, պատմականորեն բաց, և նույնիսկ ավելին. ես չեմ կասկածում, որ եթե ուզենա, որոշակի ժամանակ հետո Հայաստանը կլինի Եվրոպական միության անդամության թեկնածու: Այսինքն հետդարձ՝ հնարավոր չէ, իսկ առաջընթաց՝ հնարավոր է: Հայաստանը Եվրոպայի կողմից դիտարկվում է որպես լիիրավ եվրոպական մշակույթ. եթե ոչ մենք, ապա ո՞վ: Ուրիշ բան, որ երկրի ճակատագիրը դժվար է, բախտը չի բերել, ունի որոշակի նոմենկլատուրա և հարևաններ, բայց այդ ամենն անցողիկ է, իսկ մշակութային միասնությունը՝ անվիճելի և պատմականորեն տևական:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930