Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ աշնան կարոտախտ

Նոյեմբեր 01,2013 11:03

Շատերն էին կանխատեսում, որ էս տարվա աշունը քաղաքականապես շատ թեժ է լինելու, սակայն առայժմ որևէ թեժություն չի նշմարվում. ավելին. նույնիսկ Մաքսային միության հետ կապված տեսլականները որևէ թեժություն չգումարեցին աշնանային` սովորականից մի քիչ ավելի ցրտոտ եղանակին, և եթե աշնան ընթացքում որոշ չափով թեժություն զգացվում էլ էր, էդ թեժությունն իրականում ընդամենը գոլություն էր` կապված Լիսկայի գործի, հուշարձան փակ շուկայի, Զարուհի Փոստանջյանի եվրոպական հարցի, գլխավոր դատախազի քվեարկության և որոշ չափով էլ Մաքսային միության հեռանկարների ու անհեռանկարայնության հետ:

Մնացյալը լռություն է, և համատարած լռության մեջ որևէ թեժություն չի նշմարվում, և, ըստ ամենայնի, հարաբերական լռությունը կշարունակվի` մինչև որ գալիք հուլիսին պատգամավորների աշխատավարձերն էականորեն բարձրացվեն:
Հարաբերական լռությունը ժամանակ առ ժամանակ կխաթարեն նախախորհրդարանականները, քաղաքացիականներն ու ուրիշներ, որոնց աշխատավարձերին որևէ բարձրացում չի սպառնում:

Էդ ընթացքում Մաքսային միությունը կամ կկայանա, կամ էլ` չէ: Ըստ այդմ էլ մեր քաղաքական ու ներքաղաքական միտքը զանազան փոփոխությունների կենթարկվի: Նախապես չենք կարող ասել թե` եկող տարի ինչ իրավիճակ կլինի Հայաստանում, որովհետև մանավանդ վերջերս հայաստանյան իրականությունն ուղղակիորեն ու շեշտակիորեն է կախվում դրսերի ազդակներից, և, ըստ ամենայնի, առաջիկայում էլ նույն կերպ կշարունակվի:
Էսքանից ավելի կոնկրետ բան որևէ մեկը չի կարող կանխագուշակել, և որևէ մեկը դժվար էլ փորձի ավելին կանխագուշակել, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ մեր բախտն ու մեր ճակատագիրը մեզնից կախված են ընդամենը այնքանով` որքանով…
Այսուհանդերձ, մեր ընդդիմադիրներն ու մեր իշխանամետները շարունակում են ասել, կրկնել ու պնդել թե` ամեն ինչ մեզնից է կախված, մինչդեռ հատուկենտ իրատեսներն իրատեսորեն տեսնում ու հասկանում են, որ մեր քայլերը ոչ միայն իրար չպիտի հակասեն, այլև` Ռուսաստանի ու Արևմուտքի շահերին չպիտի հակասեն, իսկ որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, վերստին կյանքն է ցույց տվել ու ցույց տալիս:

Մի խոսքով, հայտնվել ենք երկու քարի արանքում` Ռուսաստան ու Արևմուտք: Եթե անկեղծ խոստովանենք, միշտ էլ էդ երկու քարերի արանքում ենք գտնվել. պարզապես, վերջերս էդ երկու քարերի արանքը զգալիորեն ու նկատելիորեն նեղացել է, իսկ տվյալ արանքում խաղեր տալու մեր հնարավորությունները` զգալիորեն ու նկատելիորեն պակասել, ավելի ստույգ` պակասեցրել են, և, որ ամենաէականն է, պակասեցնողները շարունակում են կրկնակի ստանդարտներով առաջնորդվել ու առաջնորդել:

Արևմուտքը մեզ մի գլուխ ժողովրդավարություն է ուսուցանում, բայցև հաճույքով աչք է փակում մեր ընտրակեղծիքների դեմ: Ռուսաստանն էլ մի գլուխ մեր տնտեսական համագործակցության հեռանկարներից է խոսում, բայց Հայաստան մտնող գազի գինը թանկացնելու առիթը բաց չի թողնում:

Մենք էլ մի գլուխ իրենց արածներից ու արատներից ենք խոսում, այլ ոչ թե` մեր:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930