Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԵՐ

Նոյեմբեր 01,2013 10:19

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քսանվեցերորդ

ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԵՐ

Եվ Ջավախյանը նեղսրտած ինձ ասաց՝ «որ ասում եմ՝ չես հավատում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ ես ասում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու նեղսրտած ինձ ասաց՝ «Աբոն ու դու Անանիայի էդ գրական վարժանքները հանաքով գովաբանում եք, բայց ինքը լրիվ լուրջ ա ընդունում», եւ Աբոն ասաց՝ «ես Անանիայի մանավանդ էս վերջին պատմվածքը լրիվ լուրջ եմ գովել», եւ Ջավախյանը քմծիծաղով Աբոյին հարցրեց՝ «լրիվ լուրջ ե՞ս Թումանյանի «Գիքորի» հետ համեմատել», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Անանիայի էս վերջին պատմվածքը «Գիքորին» առանձնապես չի զիջում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենք պիտի հպարտանանք, որ մեր ընկերը «Գիքորին» հավասար գործ ա գրել», եւ Արիկը փռթկացնելով Ջավախյանին հարցրեց՝ «չգիտե՞ս՝ ինչի ա Աբոն Անանիայի պատմվածքը «Գիքորի» հետ համեմատում», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ինչի՞ ա համեմատում», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրանով ինքը ոչ թե Անանիային ա ուզում բարձրացնի, այլ Թումանյանին ա ուզում քցի», եւ Ջավախյանը փռթկացնելով Արիկին ասաց՝ «ինձնից շատ կապրես» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով Արիկին հարցրեց՝ «բայց կարա՞ս ասես՝ ինչի ա ուզում Թումանյանին քցի», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «որովհետեւ ինքը Իսահակյանին ավելի ա սիրում ու մեծարում, քան՝ Թումանյանին», եւ Ջավախյանը ժպտալով Արիկին ասաց՝ «դե հիմա ճիշտ պատասխանը լսի», եւ Արիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ասա, լսում եմ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «Աբոյին թվում ա, որ եթե Թումանյանին քցի, դրանով Իսահակյանին կբարձրացնի», եւ Արիկն ասաց՝ «ախր հեչ համեմատելու չեն», եւ Ջավախյանը փռթկացնելով հարցրեց՝ «Թումանյանն ու Անանիա՞ն», եւ Արիկը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «Թումանյանն ու Իսահակյանը», եւ Հայկունին հանդիմանանքով ասաց՝ «վռազ էրեւում ա, որ ոչ մեկդ էլ գրականություն չեք սիրում», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց ա էրեւում», եւ Հայկունին քմծիծաղով ասաց՝ «ամեն մեկդ ձեր զեմլյակին եք բարձրացնում», եւ Աբոն փռթկացնելով հարցրեց՝ «կարող ա՞ Անանիան իմ զեմլյակն ա», եւ Արիկն ասաց՝ «ոչ Թումանյանն ա իմ զեմլյակը, ոչ Իսահակյանը, ոչ էլ Անանիան», եւ Հայկունին ժպտալով Արիկին ասաց՝ «դրա համար էլ դու շիրա տվողի դերում ես հանդես գալիս, տղա ջան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ քո զեմլյակից խոսանք, հաստատ դու էլ սուբյեկտիվիզմ կցուցաբերես», եւ Արիկը Հայկունուն հարցրեց՝ «իմ զեմլյակն ո՞վ ա», եւ Հայկունին պատասխանեց ու ասաց՝ «Վահան Տերյանը», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Վահան Տերյանն ում զեմլյակն էլ ըլնի, մեկ ա՝ շատ մեծ ա», եւ Անանիան ասաց՝ «ինչ վերաբերում ա Թումանյանին, Թումանյանն ամբողջ հայ ժողովրդի զեմլյակն ա», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «Իսահակյանն էլ ամբողջ մարդկության զեմլյակն ա», եւ Ջավախյանը փռթկացնելով հարցրեց՝ «բա Անանիա՞ն ում զեմլյակն ա», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «Անանիան էլ Սերոբի զեմլյակն ա», եւ Բարդուղը ծիծաղելով ասաց՝ «հենց որ Անանիան Գինեսի գիրք մտնի, ինքն էլ ամբողջ մարդկության զեմլյակը կդառնա», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «հենց Անանիան Գինեսի գիրք մտնի, Ջոնն իրան կզանգի ու պերսոնալնի խաշի կհրավիրի», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «ոչ թե կզանգի ու պերսոնալնի կհրավիրի, այլ Անանիայի պատվին հատուկ խաշ կկազմակերպի», եւ Աբոն ասաց՝ «հենց մենակ Անանիայի էդ պատմվածքի առթիվ կարելի ա խաշ կազմակերպել», եւ Ջավախյանը փռթկացնելով հարցրեց՝ «Գիքորի՞», եւ Ջոնն ասաց՝ «էդ պատմվածքը չեմ կարդացել», եւ Արիկը ժպտալով Ջոնին ասաց՝ «որ էդ պատմվածքը կարդացած ըլնեիր, ոչ թե իմ միջոցով Անանիային խաշի կհրավիրեիր, այլ անձամբ կզանգեիր իրան ու պերսոնալնի կհրավիրեիր», եւ Ջոնն արհամարհական նայեց Արիկին ու քամահրանքով ասաց՝ «իմ մասին շատ սխալ կարծիք ունեք, պարոն Մալխասյան» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «էսքան տարի իրար հետ շփվում ենք, բայց, պարզվում ա, իրար չենք ճանաչում», եւ Արիկը մի քիչ մտածեց ու Ջոնին ասաց՝ «որ Անանիայի էդ պատմվածքը կարդացած ըլնեիր, հաստատ կհավանեիր», եւ Ջոնը թարս նայեց Արիկին ու խիստ տոնով ասաց՝ «չեմ կարդացել», եւ Ջավախյանը փռթկացնելով Ջոնին հարցրեց՝ «Թումանյանի «Գիքորը» չես կարդացե՞լ, ադա», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու խիստ տոնով ասաց՝ «չէ», եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «Ջոնն ըտենց հասարակ բաներ չի կարդում», եւ Արիկն ասաց՝ «Ջոնը Սոլժենիցինից ցածր բաներ չի կարդում», եւ Ջավախյանը քմծիծաղով հարցրեց՝ «ինչի «Գիքորը» Սոլժենիցինից ցածր ա՞», եւ Արիկն ասաց՝ «ճիշտը որ ուզում եք իմանաք, Գիքորի տանջանքները Սոլժենիցինի տանջանքներից պակաս չեն», եւ Անանիան չափազանց լուրջ տոնով ասաց՝ «Գիքորը» կապիտալիզմի քննադատությունն ա, Սոլժենիցինը՝ սոցիալիզմի», եւ Արիկը հիացմունքով նայեց Անանիային ու ասաց՝ «վռազ էրեւում ա, որ պրոֆեսիոնալ ես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «բայց Հայկունն ուրիշներին ա տասնիննուկես նշանակում», եւ Հայկունին մեղավոր ժպտալով Անանիային ասաց՝ «ես էլ էդ պատմվածքդ չեմ կարդացել», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Հայկունուն ասաց՝ «կտամ՝ կկարդաս», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «հաճույքով կկարդամ», եւ Անանիան ժպտալով Հայկունուն ասաց՝ «չեմ էլ կասկածում, Հայկուն ջան», եւ Հայկունին Անանիային հարցրեց՝ «էդ թերթից ունե՞ս», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմա մոտս չկա, բայց տանը մի քանի օրինակ ունեմ», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «էդ թերթի սաղ տիրաժն առել ա», եւ Անանիան թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «քեզնից եմ սովորել», եւ Ջավախյանը փռթկացնելով Անանիային ասաց՝ «լավ կանես՝ ինձնից մի քիչ գրել սովորես», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ինչքան որ գիտեմ, ինձ լրիվ հերիք ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «գրել սովորելը քեզ էլ առանձնապես չէր խանգարի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց, նայեց Հայկունուն, հետո արհամարհական նայեց Անանիային ու ասաց՝ «ինչքան որ գրել գիտեմ, ինձ ու Հայկունին լրիվ հերիք ա» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց Ջոնին ու փռթկացնելով ավելացրեց՝ «խաշի հրավիրվելու համար էլ ա լրիվ հերիք» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մին էլ տեհար՝ Նոբելին էլ հերիք արեց», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «Լիպոն գլխիդ տակ փափուկ բարձ ա դրել, մինչեւ հիմի չես կարում զարթնես», եւ Ջավախյանը փռթկացնելով Անանիային ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, էդ փափուկ բարձն առաջինը մեր Ջոն ախպերն ա գլխիս տակ դրել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «առաջինը Ջոնն ա ասել, որ կարամ Նոբելի հույսեր փայփայեմ», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «ես հանաքով մի բան եմ ասել, դու մատի փաթաթան ես սարքել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Ջոնին ասաց՝ «Լիպոն էլ ա հանաքով ասում», եւ Անանիան Ջավախյանին ասաց՝ «գլխիդ տակ փափուկ բարձ են դրել, մինչ հիմա չես կարում զարթնես ու թմբիրից դուրս գաս», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քամահրանքով ասաց՝ «էդ բառը որ չասեիր, կարող ա չհասկանայի», եւ Անանիան Ջավախյանին հարցրեց՝ «ո՞ր բառը», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «էդ թմբիրը», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ թմբիրը որ չասեի, պատկերավոր չէր ստացվի», եւ Ջավախյանը փռթկացնելով հարցրեց՝ «պարտադիր ա՞, որ պատկերավոր ստացվի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարտադիր չի, բայց ցանկալի ա», եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «ժողովուրդ, մենք այժմ ներկա ենք գտնվում երկու դասականների պատմական բանավեճին», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «էս ոչ թե բանավեճ ա, այլ՝ սովորական զրույց» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես կասեի՝ ուսուցողական զրույց» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իմ հետ բանավիճելու համար պիտի ահագին բագաժ ունենաս», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ բագաժ, ադա», եւ Անանիան ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մտավոր» եւ մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «ես կասեի՝ մասնագիտական», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու հարցրեց՝ «քո մասնագիտությունը ո՞րն ա, ադա», եւ Անանիան ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես մի քանի մասնագիտությունների տեր եմ, պարոն Ջավախյան» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «տվյալ պահին ինչով որ զբաղվում եմ, դրա մասնագետն եմ», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու հարցրեց՝ «էս պահին ինչո՞վ ես զբաղվում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «դաստիարակչական աշխատանքով», եւ Հայկունին փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «կերա՞ր»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930