Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողության ընթացքում հայտնի դարձան մրցութային ծրագրերում հաղթող ֆիլմերի անունները:
Հայտարարվեցին լավագույն գովազդային տեսահոլովակ, լավագույն երաժշտական հոլովակ, լավագույն անիմացիոն կերպար, անիմացիան լավագույն կերպով կիրառելու, լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմի, լավագույն լիամետրաժ ֆիլմի և մի շարք այլ անվանակարգերում հաղթող ֆիլմերի անունները:
Փառատոնի ընթացքում ցուցադրվեց Բաստեն Դբուայի «Լեռնային Ղարաբաղ» և Շուշիի «Նարեկացի արվեստի միության» սաների պատրաստած «Ծիտը» անիմացիոն ֆիլմերը, իսկ Հայկ Զորիկյանը ներկայացրեց հատված իր «Փրկե՛նք միմյանց, մարդի՛կ» մոնոներկայացումից:
Փառատոնի հիմնադիր նախագահ Վրեժ Քասունին միջոցառման ընթացքում հանդիսատեսին տեղեկացրեց, որ այսուհետ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը լինելու է Րաֆֆի Մովսիսյանը, իսկ փառատոնի խորհրդի անդամ Տիցիանա Լոշին աշխատելու է նաև փառատոնի ներսից, որպեսզի փառատոնը ավելի մեծ մասշտաբի և հորիզոնների հասնի: Փակման արարողության ընթացքում Վրեժ Քասունին հայտարարեց «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի բացումը:
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնին մասնակցել է 500 ֆիլմ 70 երկրից, սակայն փառատոնի ընթացքում ցուցադրվել է նրանցից միայն 212-ը: Կինոփառատոնի հնգամյակը այս տարի համընկավ հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգամյակի հետ: Նոյեմբերի 1-2 փառատոնը առաջին անգամ կանցկացվի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ