«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դեռ երկու տարի առաջ որոշել էր, որ 2013-ին Հայաստանում հեղափոխություն է անելու: Հենց այդ որոշումն էլ նրան այսօր Ազատության հրապարակ բերեց՝ անժամկետ նստացույցի: Թե ինչպես է նստացույցով հեղափոխությունը պատկերացնում, պարոն Հարությունյանը չի բացատրում. «Եթե ցուցապաստառով գայի, կասեին ցուցապաստառով հեղափոխությունը ոնց եք պատկերացնում, դրոշներով գայի, կասեին դրոշներով ոնց եք պատկերացնում: Ի՞նչ էական է»:
Նրա խոսքով մի հոգով հեղափոխություն անելը հնարավոր չէ, բայց հնարավոր է մեկ հոգով սկսել: Մեր հարցին, թե մտադիր եք ձեր շուրջ հեղափոխականների համախմբել, ասաց. «Մտադրություն չունեմ: Մտածում եմ, որ Հայաստանում այնպիսի վիճակ է, որ բոլորն էլ հասկանում են, որ առանց արմատական փոփոխությունների, որը կոչում եմ հեղափոխություն, երկիրը չի կարող կարգավորվել: Կան շատ մարդիկ, որոնք ուզում են երկրում արժեքներ փոխել, լուրջ փոփոխություններ անել, հնարավոր է , որ նրանք էլ փողոց դուրս գալ: Ես գիտակցում եմ, որ Տորք Անգեղը չեմ ու մենակով հեղափոխություն չեմ կարող անել, բայց դուրս եմ եկել պայքարի»:
Թե ինչ գործողություններ է մշակել իր ուզած հեղափոխությունն անելու համար, Շանթ Հարությունյանը չցանկացավ նշել: Նա չի մտածել՝ ինչպես կանի հեղափոխություն, եթե ոչ ոք իրեն չմիանա. «Խնդիր չունեմ՝ իմ շուրջ մարդկանց համախմբելու: Ես դուրս եմ եկել հեղափոխության, գիտեմ, որ իմ պայքարը ճիշտ է: Եթե այդ ճիշտ քայլը չանեմ, իմ աչքին կզրոյանամ: Սա անհրաժեշտ է ուղղակի: Ինչո՞ւ դուրս չգամ պայքարի, ճշմարտությունը զոհե՞մ, ինչո՞ւ կեղծիքի հետ փոխհամաձայնության գնամ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե նախագահական ընտրություններին էլ հացադուլի դուրս եկաք կեղծիքի դեմ, բայց իրավիճակը փոխվե՞ց, ի՞նչ կփոխի նստացույցը, պարոն Հարությունյանն ասաց. «Ինչի՞ եք դա հիշում…ես որպես քաղաքացի իմ քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը պահել եմ, չնայած որ նախագահական ընտրությունների հացադուլով չեմ համարել երկիրը փրկելու պայքարի մեթոդ: Համարել եմ, որ երկիրը փրկելու միակ մեթոդը հեղափոխությունն է»:
Նա համոզված է՝ իր նստացույցը երկրում իրավիճակ կփոխի միայն մի դեպքում. «Եթե հանրային գիտակցությունը փոխվի: Կախված է երկրում տիրող մթնոլորտից: Եթե այս իրավիճակն է, ոչինչ չի փոխվի: Եթե կարողանաս մի շերտի զգացմունքներն ակտիվացնել, որոնց համար կան այլ արժեքներ՝ ճշմարիտ ապրելու, քաղաքացիական գիտակցության, այդ դեպքում իրավիճակը կփոխվի: Բայց եթե բոլորը կեղծիքի հետ համակերպվել են, համակերպվող են, հարյուր հազար քաղաքական ուժ էլ դուրս գա փողոց, ոչինչ չի փոխվի»:
Շանթ Հարությունյանը հավատում է՝ իր սկսած պայքարը հեղափոխության նախավերջին փուլն է, իսկ վերջին փուլում. «Հաղթանակը կարող է ամրագրվել միայն իշխանափոխությամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ