Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը «բաց երկնքում»՝ տարանցիկ երկինք

Հոկտեմբեր 31,2013 20:25

«Հայաստանը պետք է կարողանա իր աշխարհագրական դիրքն օգտագործել եւ միջազգային ավիափոխադրողների համար դառնալ տարանցիկ երկիր»,-Aravot.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, պատասխանելով մեր այն հարցին` թե ի՞նչ կտա Հայաստանին բաց երկնքի քաղաքականությունը`հաշվի առնելով մեր երկրի փոքր շուկան եւ դրա հետ կապված ավիաընկերությունների շահագրգռվածությունը:

Պարոն Մակարյանի ներկայացմամբ` ժամանակին ավիաընկերությունները Հայաստանով դեպի Հնդկաստան եւ Ղրղըզստան էին թռիչքներ կատարում, հետո դրանք վերացան, իսկ հիմա`ազատ երկնքի դեպքում, մենք նորից հնարավորություն ունենք տարբեր ավիաընկերություններին հրավիրել տարանցիկ թռիչքների համար. «Օրինակ` Սկանդինավյան երկրներից թռիչքներ լինեն դեպի հարավ` Հայաստանի միջոցով, կամ Եվրոպայից` Միջին Ասիա, Հեռավոր Ասիա` Հայաստանի միջոցով: Մեզ ոտ քիչ են գալիս,որովհետեւ փոքր երկիր ենք, բայց հարմար ենք այլ երկներ մեր մոտից տեղափոխվելու համար»:

Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ էկոնոմիկայի նախարարությունը վստահեցում է, որ մեր երկինքն ազատականացնելով զբոսաշրջության աճ կունենանք, այդ թվում նաեւ`ավիատոմսերի գների նվազում մոտ 10%-ով, բայց Հայաստանում ծառայությունների գներն են շատ բարձր, պարոն Մակարյանն ասաց. «Տոմսերի գները բարձր են եղել մենաշնորհի ժամանակ, պետությունը թույլ էր տվել, ազգային փոխադրողի անունն էլ խեղաթյուրված էր, եւ երբ խնդիր առաջացավ, ասացին` իսկ ո՞վ էր ասել, որ նա ազգային փոխադրող էր, որտեղից այդ ազգային բառը եւ այլն: Բայց տարիներ շարունակ ասվում էր, որ «Արմավիան» ազգային փոխադրող է, դրանով նաեւ վախեցրել էին դրսից եկող պոտենցիալ ավիաընկերություններին: Իսկ զբոսաշրջությունը կաճի,

քանի որ կսկսեն շատ մարդիկ գալ, որովհետեւ ավիատոմսերը կէժանան, հյուրանոցներում բեռնվածությունը կսկսի աճել, դրա հետ գները կփորձեն իջեցնել, որպեսզի կարողանան մրցակցել: Այսօր հյուրանոցների գները շատ բարձր են, դրանք Բրյուսելի, Վիեննայի գներին են հավասար: Մենք չունենք  էկոնոմ դասի հյուրանոցներ, դրանք կամ Շիրակն է, կամ Հրազդանն է, կամ Սիլաչին, որոնց սենյակները մոտ 60 դոլար արժեն, իսկ Եվրոպայում էկոնոմ դասինը հասնում է մինչեւ 20 դոլար: Հետևաբար` էկոնոմ դասի հյուրանոցների խնդիր կա, որոնք, իմ կարծիքով կսկսեն ավելանալ: Իսկ այն հյուրանոցները, որոնց գները բարձր են, բեռնվածության հաշվին կսկսեն գներն իջեցնել»:

Ինչ վերաբերում է ավիատոմսերի գների իջեցմանը, ապա պարոն Մակարյանը նկատեց, որ  ժամանակին, երբ Փարիզի թռիչքները փորձում էին «Լյուֆթանզան» եւ մեկ այլ ընկերություն իրականացնել,  խոսվում էր  տոմսերի 320 դոլարի մասին. «Այն դեպքում, երբ մեզ մոտ 500 դոլար էր այն ժամանակ: Հետո դրանք` գները աճեցին-աճեցին-աճեցին, ապա մեզ մոտի ճնշումներն ու պայմանավորվածությունը բերեցին նրան, որ գները շատ արագ բարձրացան ու այդպես էլ պահեցին: Բաց երկնքի դեպքում, նման բան չպիտի լինի»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գուրգեն says:

    Հարգելի պարոն Մակարյան, երբ ասում եք «…հյուրանոցներում բեռնվածությունը կսկսի աճել, դրա հետ գները կփորձեն իջեցնել, որպեսզի կարողանան մրցակցել…» էկոնոմիկայի այդ ո՞ր օրենքները նկատի ունեք: Վայ Ձեր կրթությանը և փոռցառությանը, վայ Ձեր կատարած աշխատանքը……… Ժամանակ գտեք և գնացեք առաջին կուրսեցիների հետ ճշտեք ինչ է լինում երբ բեռնվածությունը աճում է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031