Մաքսային Միություն մտնելու Հայաստանի որոշումը Ռուսաստանի և Պարսկաստանի կնքած Գյուլիստանի 200-ամյա պայմանագրի հետևանքն է, ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը այդ պայմանագրի 200-ամյակի առիթով հոկտեմբերի 31-ին կազմակերպված համաժողովի ժամանակ: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Զատուլինը կարծում է, որ Գյուլիստանի հաշտության պայմանագիրը հիմք դրեց Ռուսաստանի և կովկասյան ժողովուրդների մերձեցմանը, ինչի արտացոլումն են այսօր հետխորհրդային երկրների ինտեգրման ծրագրերը:
Ըստ նրա, Գյուլիստանի պայմանագրի դրույթները մինչև հիմա արդիական են, ինչը ցույց է տալիս տարածաշրջանի նորագույն պատմությունը: Փաստաթուղթը դարձել է «Կովկասում Ռուսաստանի շարունակվող խաղարարար առաքելության հիմքը», առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման:
Զատուլինը հավատացած է, որ հետխորհրդային երկրների տարածքում ինտեգրման գործընթացները նույնպես գնում են դեպի 1813թ. կնքված պայմանագրի արմատները. «Ես կարծում եմ, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը Գյուլիստանի, Թուրքմենչայի պայմանագրերի տրամաբանական և հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ պատմության հետևանքն է»:
Կարդացեք նաև
1813թ. կնքված Գյուլիստանի հաշտության պայմանագրով Ռուսական կայսրությանն էին անցնում Դաղստանն ու Աբխազիան, ինչպես նաև այժմյան Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մի մասը: Փաստաթղթում տեղ էր թողնված բանակցությունները շարունակելու համար, ինչն այնքան էլ հաջող չէր անցնում և արդյունքում Պարսկաստանը նոր պատերազմ սկսեց, պարտվեց և 1828թ. ստիպված կնքեց Թուրքմենչայի պայմանագիրը, որը հիմնականում հաստատում էր Գյուլիստանի դրույթները:
«Գյուլիստանի հաշտության պայմանագիր. անցյալը և ներկան» համաժողովը կազմակերպել է ԱՊՀ երկրների ինստիտուտը: Մոսկվայում անցկացվող համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Դաղստանի և Լեռնային Ղարաբաղի պատմաբաններ, լրագրողներ և պատգամավորներ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ