ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի նախաձեռնությամբ այսօր քննարկվեց Ազգային ժողովի պատգամավորների անձեռնմխելիության, դրա զրկման, որոշակի արտոնությունների սահմանափակումների հարցը:
Ուսանողների բանավեճին մասնակցում էր ԱԺ պատգամավոր, հանրապետական կուսակցության անդամ, այս նույն ֆակուլտետի նախկին ուսանող Հովհաննես Սահակյանը: Գեւորգ Դանիելյանը կոչ արեց լինել անկաշկանդ, քաղաքակիրթ բանավիճել նաեւ այն դեպքում, երբ դիմացինի կարծիքն ընդունելի չէ:
Ուսանողների մի խումբը ընտրել էր իր բանախոսին` Տիգրանին, որը կողմ էր պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտին, մի խումբն էլ Լիլիթի գլխավորությամբ դեմ էր այս անձեռնմխելիությանը: «Կողմ»-ականները հղում արեցին ՀՀ սահմանադրության հոդված 66-ին, համաձայն որի պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով: Ըստ այս խմբի, պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:
Կարդացեք նաև
Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության:
Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:
«Դեմ»-ականները գտնում էին, որ պատգամավորների, մասնավորապես, ձեռներեցությամբ զբաղվող, հանցագործություն կատարած պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունը «հատուկ» կարգավիճակ է, հատուկ հնարավորություն, եւ առաջարկում էին, սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, որ նրանց անձեռնմխելիությունից զրկելու դեպքում կարող են դիմել ԱԺ-ին համաձայնություն ստանալու այն դեպքերում, երբ պատգամավորը կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ: Իսկ ո՞վ պիտի դիմի, ինչո՞ւ գլխավոր դատախազը, ինչո՞ւ չի կարող ԱԺ նման միջնորդությամբ հանդես գալ արդարադատության նախարարը, եթե մերժե՞ն, չտա՞ն համաձայնություն, քանի նման դեպք է եղել: Հարցերի այս շրջանակը նույնպես ուսանողների քննարկման առարկա դարձավ:
«Իր իրավիճակից բխող գործողությունների» հետ կապված էլ կային բազմաթիվ մեկնաբանություններ: Ուսանողների, այդ թվում, «կողմ»-ականների համար դատապարտելի էր այն, որ պատգամավորն իր կարծիքն արտահայտելու համար ենթարկվում է ըստ նրանց «քողարկված» հետապնդման: «Անգամ օրենքի սահմաններում կարող են նրա գլխին սարքել»,-ասում էին ուսանողները:
Առանձին խոսակցության առիթ դարձավ պատգամավորի ձերբակալման հարցը, մասնավորապես, ժամկետի` «հանցագործության կատարման պահի՞ն», «անմիջապե՞ս», ե՞րբ:
ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանի կարծիքով էլ, պատգամավորական անձեռնմխելիությունն արտոնյալ հնարավորությունների հասնելու ճանապարհ չպիտի լինի, օրենքի առաջ բոլորը հավասար են սկզբունքը պետք է գործի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ