Լոռու մարզում գույքահարկի եւ հողի հարկի հավաքագրման ցուցանիշները նվազել են:
Այս տարվա 9 ամիսների ընթացքում գույքահարկի նախատեսված 319.9 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 298.8 մլն դրամ կամ սահմանվածի 93.4 տոկոսը:
Այդ մասին այսօր մարզի խորհրդի նիստի ժամանակ ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը` նշելով, որ նախորդ տարվա համեմատ 38 համայնքում հավաքագրումը նվազել է:
Նա նաեւ տեղեկացրեց, որ նույն ժամանակահատվածում հողի հարկի հավաքագրումը եւս նվազել է:
Կարդացեք նաև
«Հողի հարկի հավաքագրումը կազմել է 85.6 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 32 համայնք նվազում ունեն»:
Անդրադարձ կատարվեց նաեւ 2014 թվականից պետության կողմից տրվելիք դոտացիաների նոր կարգին, համաձայն որի` պետության կողմից համայնքներին տրվող դոտացիաները 2014թ. սկսած պետք է հաշվարկվեն՝ հիմնվելով անձնագրային բաժանմունքների կողմից ներկայացված բնակչության թվաքանակի վրա, ինչի արդյունքում որոշ համայնքներում դոտացիայի ծավալը կարող է նվազել:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը համայնքների ղեկավարներին եւ մարզի տարածաշրջանային անձնագրային բաժանմունքների պետերին առաջարկեց հետեւողական լինել բնակչության թվաքանակը ճշգրտելու հարցում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ