«Տանը նստած էինք երեկոյան, որ զգացինք երկրաշարժը, երկու անգամ ցնցեց, բայց շատ թույլ էր, տնից դուրս գալու կարիք ընդհանրապես չկար: Նախկինում, որ Իրանում երկրաշարժ էր լինում, ասում էին 4 բալ է, շատ ուժեղ էին տան պատերն ու ապակիները շարժվում, որ իսկույն դուրս էինք գալիս շենքից, էս անգամ ուժեղ չզգացինք, բայց ասում են՝ 4 բալ էր», – ասաց Ագարակի բնակչուհի Արմինեն:
Երկրաշարժի հետցնցումը թույլ զգացվել է նաեւ Մեղրիում: Տարածաշրջանում երկրաշարժի հետցնցումից վնասներ չեն գրանցվել: Թեեւ պաշտոնական տեղեկատվության մեջ նշվել էր, որ երկրաշարժը զգացվել է նաեւ Կապանում 3 բալ ուժգնությամբ, բայց Կապանում մեծամասամբ ցնցում չեն զգացել բնակիչները, այնինչ նախորդ երկրաշարժերի դեպքում 3 բալ ուժգնությամբ հետցնցումը անմիջապես էին զգում:
Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության պետ Ստյոպա Բաղդասարյանը հաստատեց, որ իրականում երեկ երեկոյան ժամը 21-ի սահմաններում Իրանի տարածքում գրանցված երկրաշարժի հետցնցումները զգացվել են նաեւ Սյունիքի հարավում՝ Ագարակում եւ Մեղրիում 4 բալ ուժգնությամբ, Քաջարանում ու Կապանում՝ 3 բալ: «Մեր ծառայության աշխատակիցը երեկ այդ ժամին Ագարակում է եղել, զգացել է հետցնցումը եւ իսկույն տեղյակ պահել մեզ: Իսկ այն, որ շատերը չեն զգացել երկրաշարժի հետցնցումը, բնական է, քանի որ կարող է տանը կամ մեքենայի մեջ չզգային, միայն ուշադիր մարդիկ կզգային հետցնցումը», – նշեց պարոն Բաղդասարյանը: Նշենք, որ երկրաշարժի էպիկենտրոնում՝ Թավրիզ քաղաքից 20 կմ դեպի արևելք, տեղի ունեցած 3.5 մագնիտուդով երկրաշարժի ուժգնությունը 5 բալ էր կազմել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ