Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը` Քոչարյանին. «Գուցե թարգե՞նք նախաձեռնողական քաղաքականությունը»

Հոկտեմբեր 31,2013 18:11

«Երբ ֆինանսների նախարարությունը պլանավորում է որոշակի ծախսեր, դրանք համապատասխան գերատեսչությունների կողմից տրված հայտերի հիման վրա՞ են, թե՞ Դուք ինքներդ եք որոշում։ Ասենք, եթե մեզ պետք է դեսպանատան շենք Ինդոնեզիայում, Մեքսիկայում, որոշում է արտգործնախարարությունը, չէ՞, ես ճիշտ եմ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում 2014 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ  ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:

«Ամբողջապես ոչ, բայց ընդհանրապես՝ այո»,- ասաց փոխնախարարը։ Նրա պատասխանը բարձր ծիծաղ առաջացրեց ներկաների մոտ։ Արսենյանը շարունակեց. «Ինչքա՞ն մասով՝ այո, և ինչքա՞ն մասով՝ ոչ։ Ինչքա՞ն մասն է ֆինանսների նախարարությանը»։ Փոխնախարարն արձագանքեց. «Եթե ֆինանսներ են պահանջվում, ապա նախարարությանը տեղեկացվում է այդ մասին»:

Արսենյանն ասաց, որ ցանկանում էր ճշտել, որովհետեւ հարց ունի հիմնական զեկուցողին։ Եկավ հիմնական զեկուցողը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Նա նախ պատասխանեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին` ԱԳՆ նոր շենքի շահագործման վերաբերյալ, որն անպատասխան էր մնացել Պավել Սաֆարյանի կողմից. «2014-ին տեղափոխում չի նախատեսվում, դա կլինի այն ժամանակ, երբ շենքն ամբողջությամբ պատրաստ կլինի և կահավորված»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ավանդույթի համաձայն, Քոչարյանին հարց ուղղելուց առաջ հանդես եկավ կարճ ելույթով․«Մեր արտաքին քաղաքականությունը ձախողված է՝ ֆուտբոլային դիվանագիտությունը, որն ուղղված էր հայ-թուրքական սահմանի բացմանը, կատարելապես ձախողվեց, Հայաստանը համաձայնեց Հայոց ցեղասպանության հարցը քննարկել թուրքերի հետ։ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները տևեցին չորս տարի, բայց այդ ջանքերը նույնպես ավարտվեցին կատարյալ ձախողմամբ։ Գուցե թարգե՞նք նախաձեռնողական քաղաքականությունը։ Առանց այդ նախաձեռնությունների՝ Հայաստանն ավելի լավ վիճակում կհայտնվեր»:
«Առայսօր մենք ասում ենք, որ եթե չլինի «առանց որևէ նախապայմանի», ապա հայ-թուրքական արձանագրությունների վավերացում չի լինի։ Բանակցություններն ավարտվեցին այնպես, որ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում»,- ասաց Շավարշ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ աշխատանքը «ջուրը չգնաց». «Պետք է կարևորել, թե Հայաստանն այդ ընթացքում ինչ աշխատանք է կատարել, ինչ մթնոլորտ է փոխվել մեր երկրում։ Այն ուղղությունը, որը մենք իրականացրել ենք, շարունակելու ենք։ Համագործակցելու ենք այնքանով, որքանով դա չի հակասում Մաքսային միությանն անդամակցությանը, ուստի ջուրը չի գնացել»։

ՀԱԿ պատգամավորի հաջորդ հարցը հետևյալն էր․«Տիգրան Սարգսյանը Մոսկվա գնալու համար ծախսել է 21 մլն դրամ, դեպի Բրյուսել 37 մլն դրամ։ Նման ծախսեր նախատեսվա՞ծ են, դա ընդունելի՞ է, և կա՞ն այդ ծախսերը պետբյուջեում»։ Հարցին պատասխանեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն, ով ասաց, որ պետբյուջեով այդ ծախսերն, իհարկե, նախատեսված են, և եթե հատկացվող գումարը բաժանում ես պատվիրակության կազմի վրա, ապա դա մեծ ծախս չէ։ «Վատիկանում բացվել է դեսպանատուն։ Արդյոք հնարավո՞ր չէր դնել այդ պարտականությունները Ավստրիայում ՀՀ դեսպանի դեսպանի վրա»,- Զուրաբյանի հաջորդ հարցին Շավարշ Քոչարյանն ասաց, որ իրենք ստիպված են շատ անգամ մի դեսպանի վրա դնել մի քանի պարտականություն, որից արդյունավետությունը տուժում է։ «Վատիկանը՝ լինելով փոքր, ունի մեծ ազդեցություն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031