Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածը և մասնավորապես այն դիտարկումը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խոհեմ գտնվի և հրաժարական տա, երեկվանից բուռն քննարկումների առարկա է դարձել:
Այն հատկապես սուր արձագանք ստացավ իշխանական թևում: Օրինակ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում առաջին նախագահի դիտարկումների մասին այսպիսի կարծիք արտահայտեց. «Երևում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երազում վերապրել է իր հրաժարականի անփառունակ պահերը։ Նորմալ է, որ մեծ մարդիկ նման երազներ են տեսնում, բայց ամենևին պարտադիր չէ ամեն առիթով կիսվել հանրության հետ։ Մենք տեսել ենք խոհեմություն դրսևորած և ինքնակամ հրաժարական տված, ցուգցվանգում հայտնված նախագահի։ Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին մտավարժանքները հիշեցնում են ինքնավերլուծություն և պատմական էքսկուրս դեպի իր նախագահության տարիները։ Սակայն աստղերը հուշում են, որ հորոսկոպային տրամաբանությունը տեղ չունի քաղաքական գործընթացներում և որոշակի պարբերականությամբ կրկնվել չի կարող»:
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցինք` ինչպիսի՞ գնահատական կտա ՀՀԿ-ական պատգամավորի մասնավորապես այն հիշեցմանը, թե «ցուգցվանգում հայտնված նախագահի` հանձին Լևոն տեր-Պետրոսյանի, արդեն տեսել ենք»: Պարոն Եղիազարյանն ասաց. «Դա վախի դրսևորում է, քանի որ նրանք հասկանում են, որ Սերժ Սարգսյանի հետ իրենց ողջ կարիերան միանգամից ավարտվում է: Հայ ժողովուրդը չի ներելու ոչ աղքատությունը, ոչ համատարած թալանը, ոչ ավազակությունը, ոչ էլ հարցերի հարց Ղարաբաղի հիմնահարցը փակուղի մտցնելը: Դա նրանք լավ գիտակցում են, և բնական է, որ վախից սարսափահար իրար հերթ չտալով հարձակվեցին առաջին հիմնադիր նախագահի վրա»: Պարոն Եղիազարյանը փոխանցեց, թե «կետ առ կետ առաջին նախագահի ցանկացած բառի տակ կարող է ստորագրել, երբ խոսքը վերաբերում է իմ և Ձեր հայրենիքը կործանողին` Սերժ Սարգսյանին»:
Կարեն Ավագյանի այն դիտարկմանը, թե «Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին մտավարժանքները հիշեցնում են ինքնավերլուծություն և պատմական էքսկուրս դեպի իր նախագահության տարիները», Գուրգեն Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Անպարկեշտ է նման բան ասելը Լևոն Տեր-Պետրոսյանի համար: Նա ստանձնեց երկրի նախագահությունը, երբ հյուսիսում երկրաշարժ էր, իսկ հարավում թուրքերի հետ պատերազմ էր, երկիրն էլ բացարձակ շրջափակման մեջ, ունեինք չլուծված հացի խնդիր: Երբ ասում են այն ժամանակ արտագաղթ կար, պիտի նաև նշենք, որ մարդիկ լքում էին երկիրը, քանի որ չէին ուզում մասնակցել պատերազմի: Ուստի նրանց (նկատի ունի իշխանական թևին-Տ.Հ.) հարց ուղղեք՝ ինչո՞ւ է իմ և Ձեր երկիրն այսպես արագ դատարկվում. մարդիկ փախչում են անարդարությունից, զզվելի տնտեսական, անտեղի միջնորդություններից»:
Կարդացեք նաև
Ամփոփելով միտքը` պարոն Եղիազարյանը նշեց. «Պետք է ոչ միայն պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ խնդրել նրան հնարավորինս շուտ ազատել երկիրն իրենից: Եթե մտածում է երկրի մասին, պետք է իրեն չհուշենք, ինքը պիտի դա անի: Սա էքսպերիմենտ չէ, չի ստացվում, պետք է թողնի հեռանա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նա չպետք միայն հրաժարական տա:Սերժ Սարգսյանը պեք է կանգնի դատարանի առաջ ու պատասխան տա իր ու ավազակախմբի կատարած բոլոր հանցագործությունների համար:
Սա իմ կարծիքն է և համաձայն խոսքի ազատության ու համանման կոնվեկցիաների,իրավունք ունեմ ազատորեն այն արտահայտելու: