Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուներին կխրախուսեն, որ հաշմանդամ աշխատակից ունենան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2013 17:00

Աշխատունակ հաշմանդամ մարդիկ գործ չեն գտնում, գործատուները խուսափում են նրանց համար լրացուցիչ ծախսեր անել:

Հայաստանի գործատուները խուսափում են հաշմանդամ աշխատակից ունենալ, նույնիսկ այն պարագայում, որ հաշմանդամ աշխատակից ունենալու դեպքում պետությունը մասնակի փոխհատուցում է նրա աշխատավարձը: Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ են խուսափում հաշմանդամ մարդ վերցնել աշխատանքի, եւ արդյո՞ք գործատուն պետք է լրացուցիչ ծախսեր անի եւ աշխատավայրը հարմարեցնի հաշմանդամին, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը պատճառներից մեկը նշեց հենց աշխատավայրում հարմարությունների բացակայությունը: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում

Այսօր «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը աշխատավայրում» թեմայով համաժողով, որի ընթացքում հաշմանդամ մարդկանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները, ներկայացրին հաշմանդամների զբաղվածության խնդիրները: Առաջարկներ եղան նաեւ, թե ինչպես նրանց ինտեգրեն աշխատաշուկա:

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրիում գործող «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հասարակական կազմակերպություն նախագահ Կարինե Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր նույնիսկ օրենքում մի շարք բացեր կան, որոնք միայն ժամանակավոր են լուծում հաշմանդամի զբաղվածության խնդիրը: Ըստ նրա, օրենքով գործատուն փոխհատուցվում է միայն քաղաքաբնակ հաշմանդամ աշխատակից ունենալու դեպքում, իսկ երբ հաշմանդամը գյուղաբնակ է չի փոխհատուցվում, պատճառաբանում են, որ հող ունի. «Բայց հաշվի չեն առնում, առաջին կարգի հաշմանդամը ո՞նց պետք է հող մշակի»:

Բացի այդ, Կարինե Գրիգորյանն օրենսդրական բաց է համարում նաեւ հաշմանդամ աշխատակցի համար գործատուին ժամանակավոր փոխհատուցելը. «Առաջին կարգի հաշմանդամի համար երկու տարի են փոխհատուցում, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամին` մեկ տարի, սա նույնպես խնդիր է եւ, փաստորեն, հաշմանդամ մարդու աշխատելու հարցը ժամանակավոր է լուծվում: Դրանից հետո պարզ չէ թե ինչ է սպասվում հաշմանդամին»:

Այսօր Շիրակի մարզում 15 հազար հաշմանդամ մարդ կա: Տիկին Գրիգորյանի տվյալներով, նրանց 70 %-ը աշխատունակ են, սակայն աշխատանք չեն գտնում:

Հոգեկան առողջության հիմնադրամի համայնքային ծառայության ղեկավար Լիլիթ Բաղդասարյանի խոսքերով, հոգեկան առողջություն ունեցող անձանց զրո տոկոսն է ընդգրկված աշխատանքային գործունեության մեջ: Ըստ նրա, հոգեկան առողջության խնդիրը տեսանելի չէ. «Եթե մենք տեսնում ենք սայլակավոր հաշմանդամ, ապա ցանկություն ենք ունենում օգնելու, իսկ հոգեկան առողջության խնդիրը չի երեւում: Հոգեկան առողջության խնդիրը երբեւէ չի մտնում պետական կրթական եւ այլ ծրագրերի մեջ, մինչդեռ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց 90 տոկոսը ունեն երկու բարձրագույն կրթություն»:

Համաժողովին ներկայացվեց մուլտիմեդիա տարբերակով էլեկտրոնային ֆիզիկայի դասագիրքը, որի միջոցով հաշմանդամ երեխաները կարող են ինքնուրույն, առանց ուսուցչի մասնակցության դաս պարապել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031