Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենասիրության մրցակցություն»`Արամ Մանուկյանի եւ Զոհրապ Մնացականյանի միջեւ

Հոկտեմբեր 31,2013 16:51

Այսօր, 2014 թվականի պետական բյուջեի նախագծի` եվրաինտեգրման ոլորտի հատկացումների քննարկման ժամանակ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն անձնական հարց ուղղեց Արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանին`եթե պաշտոնյան զգա, որ Մաքսային միություն մտնելու պայմանը Ղարաբաղի հարցն է, ինչպիսի՞ն կլինի նրա դիրքորոշումը։ Մինչ բուն հարցը հնչեցնելը, ՀԱԿ պատգամավորը բավական երկար ձևակերպում ներկայացրեց՝ հիշեցնելով Եվրաինտեգրմանն ուղղված փոխնախարարի բոլոր ջանքերը, թե ինչպես դրանք մեկ օրում ջուրը լցվեցին. «Ես հիշում եմ մեր հանդիպումը, թե ինչ շոկ ապրեցիք այդ գործընթացից, քանի որ դուք էիք զբաղվում այդ հարցով։ Ես բացարձակ չեմ ուզի լինել ձեր տեղում, որովհետև հիմա էլ եք դուք անորոշության մեջ»։ 

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանը արտաքին բնագավառում խարխափող, մերժվածի կամ ձախողվածի կարգավիճակում է. «Եթե այսօր Մաքսայինի հետ կապված սեղանին դրվում է Ղարաբաղի հարցը՝ անգամ հետադիմական Բելառուսի կողմից և այլոց, որոնք Մաքսայինի համար դիրքորոշում են արտահայտում, և տարօրինակորեն այդ կարծիքները լալկանությամբ արտահայտված ՀՀ իշխանությունները…»: ՀԱԿ պատգամավորի խոսքն ընդհատեց նիստը վարող ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, ով նշեց, թե չի կարելի բյուջեի քննարկումից շեղվել։ Արամ Մանուկյանը պնդեց, թե սա այն դեպքն է, որ կարելի է և խնդրեց չխանգարել. «Դուք որպես ինֆորմացված մարդ, արտաքին դիվանագիտության մեջ դերակատարում ունեցող մարդ, եթե զգաք, որ Մաքսային մեր մտնելու համար Ղարաբաղն է պայման, ինչպիսի՞ն կլինի ձեր կողնորոշումը: Որպես մարդ, որպես պատվարժան մարդ, որպես պաշտոնյա ի՞նչ առաջարկ կներկայացնեք ձեր նախարարին, կամ ամբողջ համակարգը ղեկավարողին, եթե Ղարաբաղը լինի խաղաքարտը, որի դեպքում ձեզ առաջարկում են մտնել Մաքսային»։

Զոհրապ Մնացականյանը նշեց, որ հարցը որոշ չափով անձնական տարր է պարունակում, սակայն ինքը կպատասխանի մի փոքր այլ կերպ. «Եվ ես, և դուք և մենք բոլորս այստեղ աշխատում ենք, 22 տարի նույն հոգսերով ենք ապրում, նույն խնդիրներով, և իմ փորձը ցույց է տալիս, որ ես չեմ աշխատում մի միջավայրում, որտեղ կարիք լինի հայրենասիրության մրցակցության։ Ես չեմ կարծում, որ այն մարդիկ, ում հետ ես այսօր աշխատում եմ, ունեն հայրենասիրության պակաս կամ անտարբերություն կամ առավել ևս՝ անպատասխանատվություն ԼՂ հարցի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ երբևէ մի իրավիճակում կգտնվենք, որ նման ընտրության կարիք լինի, նման բան չի եղել, և վստահ եմ, որ չի լինելու»։
Փոխնախարարը վստահություն հայտնեց, որ գոնե այդ հարցում կա կոնսենսուս. «Մենք ունենք ընկալումները, ձևերը՝ անդրադառնալու, թե ինչպես կկարգավորվի Ղարաբաղի հիմնահարցը, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը պատասխանատու մարդկանց մեջ, հասարակական կարծիք ձևավորող մարդկանց մեջ այս գործընթացի ընթացքում նման այլընտրանքների առջև կանգնելու առիթ կունենա»:

Արամ Մանուկյանն էլ այսպես պատասխանեց. «Իմ ցանկությունը ձեր ձախողելը չէ, ի սեր Աստծո: Ձեր ձախողելը այս երկրի ձախողումն է։ Բայց ծրագրել որևէ բան ու արդյունքի չհասնել, դա էլ է նորմալ, թույլատրելիության սահմանում, իմ ասածը ուրիշ բան է. ծրագիրը չի իրականացվել, և երբ հայտարարում ես դրա մասին, դա էլ է ուժեղության նշան: Իմ ասածը հետևյալն է, որ սխալն ակնհայտ է և քո առջև դնում են այնպիսի պայման, որի արդյունքում կարող է կորցնես տարիների ձեռք բերածը, այդ դեպքում կարելի է լինել ուժեղ և հրաժարվել այդ ճանապարհից, ուրիշին ճանապարհ տալ»։
Մնացականյանն ասաց` վստահ է, որ նման իրավիճակ ոչ-ոք Հայաստանին չի առաջարկում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031