«Ինձ` Հարություն Կարապետյանիս, ու Հրանտ Բագրատյանին, մեղադրում են գրագողության համար: Ուղղակի ծիծաղելի է: Ես համոզված եմ, որ գործի պատվիրատուն վարչապետ Տիգրան Սարգսյանն է»,-այս մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏԿ-ի ավագ գիտաշխատող, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը`ընդգծելով, որ Հայաստանում արդարադատությունը ծառայում է միայն ռեժիմին:
Վերջինիս ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանը մեղադրում է գրագողության համար: «Մեր դեմ ներկայացված անհիմն հայցը մերժելու հայցով մենք մեր հերթին դիմել ենք Վերաքննիչ դատարան, դատարանը հայցն ընդունել է: Եթե Մանե Հակոբյանը գիտնական լիներ, մեր գիտության մակարդակն էլ կլիներ արդարադատության մակարդակի նման: Փառք Աստծո, որ մեր գիտնականները այդ կնոջ նման չեն»,-բորբոքված ասաց Կարապետյանը` հույս չունենալով, որ դատարանը կբավարարի իրենց պահանջը, սակայն իրենք հետևողականորեն գնալու են մինչև վերջ:
Հիշեցնենք, որ, Բագրատյանի պնդմամբ, իրեն գրագողության մեջ մեղադրում են մի ծրագրի համար, որի մասին ինքը գրել է դեռեւս իննսունականներին: Խոսքը գիտության թեմատիկ ֆինանսավորման անցնելու մասին է: Նման ծրագիր, իբրեւ, հեղինակել էր նաև ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանը, որն իր ծրագիրը գրանցել է որպես հեղինակային գործ: Այս գործում արված առաջարկները, ըստ Հակոբյանի, 50 տոկոսով նույնական են Հրանտ Բագրատյանի եւ Հարություն Կարապետյանի առաջարկի հետ: Իսկ ահա Բագրատյանը պնդում է, որ ոչ թե ինքն է Հակոբյանից արտատպել, այլ հակառակը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Կարդացեք նաև