«Մենք քննարկեցինք հնարավոր այն ուղղությունները, որտեղ կարող ենք համագործակցել և ներդնել մեր ուժերը: Ամենակարևորն այն է, որ երկուստեք կա ցանկություն այդ համագործակցության»,- ԱԺ-ում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը:
Նրա գործընկեր Միլան Ցաբրնոխը հայտարարեց, որ ԵԽ-ի անդամները Հայաստանը ճանաչում և ընդունում են որպես առանցքային գործընկեր. «Մենք սերտորեն համագործակցում ենք միմյանց հետ տարբեր ձևաչափերով, կոնկրետ պարոն Ֆարմանյանի հետո` խորհրդարանական ձևաչափով: Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են, մենք աջակցում ենք դրան և ուշադիր հետևում ենք այն գործընթացներին, որ տեղի են ունենում ձեր երկրում: Մենք աջակցում ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ԶԼՄ-ների ազատության հաստատմանը` որպես եվրոպական հիմնարար արժեքներ»: Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի կայացրած որոշմանը՝ Ցաբրնոխն ասաց, որ շրջադարձային այդ որոշումից հետո, փաստորեն կարճ ժամանակ անց են հանդիպում և այս հանդիպումը տեղի է ունենում Վիլնյուսի գագաթաժողովից առաջ. «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը և խորհում ենք այն մասին, թե այս նոր պայմաններում ինչպիսի հարթակներ պետք է ստեղծենք համագործակցությունը շարունակելու համար»:
Անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպմանը՝ եվրոպացի պաշտոնյան ասաց, որ դա առաջին հանդիպումը չէր ՀՀ նախագահի հետ, և չափազանց բարձր է գնահատում այն բաց երկխոսությունը, որ տեղի ունեցավ. «Պարոն նախագահը շատ հստակ ու խորը կերպով բացատրեց այն պատճառները, որոնց հիման վրա տեղի է ունեցել այդ որոշումը (նկատի ունի ՄՄ-ին միանալու որոշումը-Ն.Գ.): Իսկ ինչ վերաբերում է Վիլնյուսի գագաթաժողովին, մենք ակնկալում ենք, որ կշարունակենք վիզաների դյուրացման գործընթացը, որոնք ավելի կդյուրացնեն ՀՀ քաղաքացիների ճամփորդությունները և մուտքը դեպի եվրոպական երկրներ: Կշարունակենք մեր աջակցությունը ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ձևավորման և այլ քննարկումներում: Պետք է վերստին փորձենք ստեղծել կամ նոր շունչ հաղորդել այն ծրագրերին, որոնք Ասոցացման համաձայնագրի շրջանակում էին իրականացվում, որովհետև Ասոցացման համաձայնագիրը համատեղելի չէ Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշմանը»:
Սամվել Ֆարմանյանն էլ հավելեց, որ ՀՀ-ն մեծապես կարևորում է ԵՄ հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը. «Մենք ևս մեծապես կարևորում ենք ԵՄ հետ համագործակցությունը: Տեղի է ունենում բավականին ինտենսիվ գործընթաց` Երևան-Բրյուսել, որը նպատակ ունի ձևավորելու օրակարգը և առավելապես հստակեցնելու այն ուղղությունները, որոնցով ՀՀ-ԵՄ հարաբերությունները հետայսու պետք է շարունակվեն»: Ֆարմանյանը նաեւ հավելեց, որ հայկական կողմը շատ լավ հասկանում է, որ վերջին զարգացումների կոնտեքստում կա որոշակի չհասկացվածություն, բայց համոզմունք հայտնեց, որ Վիլնյուսի գագաթաժողովից հետո, որին Հայաստանն անպայման մասնակցելու է, կհստակեցվեն այն ուղղությունները, որոնցով կշարունակվի համագործակցությունը ՀՀ-ԵՄ միջև:
Իսկ վիզաների դյուրացման հարցի վերաբերյալ Սամվել Ֆարմանյանն ասաց, որ առաջիկա քառօրյայում այդ հարցը կքննարկվի ԱԺ-ում, որից հետո կվավերացնի ՀՀ նախագահը, և հույս հայտնեց, որ հունվարի 1-ից այն ուժի մեջ կմտնի. «Վիզաների դյուրացումը վերջին տարիների համագործակցության կոնկրետ արդյունքներից մեկն է, ինչը փաստում է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը անցած տարիներին եղել է շատ արդյունավետ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ