Հոկտեմբերի 31-ը Հելոուինի միջազգային օրն է, որը վերջին տարիներին բուռն նշվում է նաեւ Հայաստանում, թեեւ Հայ առաքելական եկեղեցին դրան անընդհատ ընդդիմանում է այնպես, ինչպես մյուս կաթոլիկ տոները նշելուն:
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Արարատյան հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց, թե ի՞նչ խորհուրդ ունի Հելոուինի տոնը, Հայ առաքելական եկեղեցու վերաբերմունքը տոնին և այն նշողներին:
Քահանան ասաց, որ Հայ առաքելական եկեղեցին որևէ դիրքորոշում չունի այս տոնի վերաբերյալ, քանի որ սա որևէ կապ չունի մեր արմատների հետ, այն կաթոլիկ եկեղեցու տոներից է: Նրա խոսքերով` Հելոուինը, ըստ էության, մարտահրավեր է. «Տոնը կելտական ծագում ունի, որը Եվրոպայից թափանցել է ԱՄՆ և դարձել աղանդի պես մի բան, որը մեզ հետ բոլորովին կապ չունի: Ասենք թե հարևանի կինը լավն է, ինձ` ի՞նչ: Ուզում եմ ասել, որ մենք պետք է մեր ազգային արժեքները, ազգային տոները վերհանենք: Մենք ունենք շատ գեղեցիկ տոն` «Բարեկենդանը», որը նպատակ ունի` Տիրոջ օգնությամբ վերադարձ դեպի դրախտ, իսկ Հելոուինը նպատակ չունի, այն զավեշտ է, սարսափ, խրախճանք, որը դատարկության շուրջն է պտտվում, այն, կարելի է ասել, դդումի պաշտամունք է, դդում, որի մեջ լույսեր են վառվում: Հաճախ ասում են` ի՞նչ է եղել որ, թող երիտասարդները ուրախանան, սակայն այդ ուրախությանը պետք է հասնել մաքրությամբ, աղոթքով և հավատքով»,- ասաց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Քահանան նշեց, որ այժմ Հելոուինի կազմակերպիչները արտառոց հագուստներով, երաժշտությամբ իրենց կողմն են քաշում երիտասարդներին. «Այսինքն` սա ունի նաև բիզնես նպատակ»,-կարծում է նա:
Կարդացեք նաև
Շեշտելով, որ եկեղեցու պարտքը քարոզելն է, քահանան խորհուրդ տվեց հեռու մնալ նման տոներից, քանի որ դրանց հիմքում ընկած են կախարդանքն ու մոգությունը, ինչը մերժում է Հայ առաքելական եկեղեցին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Հայ առաքելական եկեղեցին դրան անընդհատ ընդդիմանում է այնպես, ինչպես մյուս կաթոլիկ տոները նշելուն»:
Հելոինը Կաթոլիկ Եկեղեցու տոն չէ: Նա նույնպես մերժում է այն: Հայ եւ Կաթոլիկ, նաեւ բնականաբար Ուղղափառ եկեղեցիների տոների մեծամասնությունը նույնն է: Հայ Եկեղեցին էլ երբեք չի ընդդիմանում քրիստոնեական տոներին: Այնուհանդերձ ամեն եկեղեցի ունի որոշակի առանձնահատկություններ, տեղական տոներ եւ սովորություններ, որոնք պետք է հարգվեն: Հարգել չի նշանակում ընդօրինակել կամ կապկել ու տարածել: Ամեն ժողովուրդ նույնպես ունի սովորույթներ, որոնք գեղեցիկ են եւ իմաստալի, երբ նշվում են նույն ժողովրդի ծոցում եւ դառնում այդ ժողովրդի գույնն ու համը: Հայերս բավարար այդպիսի տոներ ունենք` թե նախաքրիստոնեական, թե հետքրիստոնեական եւ ինչ-որ հիմարաբանություն կապկելու անհրաժեշտություն չունենք: