Yerkir.am- Նոյեմբերի 10-ին Արարատում քաղաքապետի ընտրություններ են: Թեկնածուների թիմերի միջեւ փոխադարձ մեղադրանքները շարունակվում են: Գործին, իհարկե, լծվել է նաեւ մամուլը: Ուշագրավ է, որ թեկնածուների թիմակիցները մրցակցին եւ նրա թիմին մեղադրում են այն բանում, ինչով իրենք են հենց զբաղվում: Օրինակ` ԲՀԿ-ականները անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին մեղադրում են, թե նա իբր խախտում է օրենքը եւ Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրությունների նախընտրական փուլում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Մարդուն մեղադրում են մի բանում, որով ԲՀԿ-ն, ի դեմս Ծառուկյանի, զբաղված էր ողջ քարոզարշավի ընթացքում. տրակտորից սկսած` էլ ինչ ասես չբաժանեց:
Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս մեղադրանքներին, Արայիկ Գրիգորյանը նշեց, որ այս կերպ փորձ է արվում վարկաբեկել իր բարեգործական գործունեությունը: Պատգամավորն ընդգծեց, որ, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր է իրականացրել եւ հիմա ընդամենը ներկայացնում է կատարված աշխատանքների արդյունքները:
«Շուտով ընտրություններ են, մենք էլ ունենք մեր թեկնածուն, եւ շատ բնական է, որ պետք է քարոզարշավի ժամանակ ներկայացնենք այն ամենը, ինչ արել ենք եւ թե ինչ ենք պատրաստվում անել: Բայց մի բան Ձեզ միանշանակ կարող եմ ասել` քարոզարշավի ընթացքում մենք բարեգործական որևէ գործունեություն չենք իրականացնում, և դրա կարիքն էլ չկա»,- վստահեցրեց պատգամավորը:
Անդրադառնալով ԲՀԿ-ականների կողմից հնչող մեղադրանքներին, թե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները «կնոպկա»սեղմողներ են, Գրիգորյանը հիշեցրեց, որ նույն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր:«Ընտրություններով կյանքը, իհարկե, չի ավարտվում, պետք է այնպես անել, որ հետո իրար աչքերի մեջ նայելիս չամաչեն»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: