Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհրապ Մնացականյանը վերջապես պատասխանեց Սերգեյ Գլազեւին

Հոկտեմբեր 31,2013 15:19

«Մեծ հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի վարչապետին, բայց նրան խորհուրդ կտայի ուշադիր կարդալ այն համաձայնագիրը, որն ինքը ցանկանում էր ստորագրել ԵՄ-ի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել էր Մաքսային միության նախկին պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը՝ շարունակելով. «Եթե Հայաստանի վարչապետն ուշադիր կարդար, թե ինչ է ինքը պատրաստվում շնորհել Բրյուսելին, որ պատրաստվում է հրաժարվել Հայաստանի սուվերենությունից՝ այն ստորադասելով առեւտրատնտեսական հարաբերություններին, ես կարծում եմ՝ նա կվերանայեր իր մոտեցումները»: 

«Առավոտը» ՀՀ վարչապետի մամուլի խոսնակից հետաքրքրվել էր՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվո՞ւմ է ականջալուր լինել ՌԴ նախագահի խորհրդականի խորհրդին: Հետաքրքրվել էինք նաեւ՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են պարոն Գլազեւի հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի հետ բանակցություններ վարող չինովնիկներն անգամ անտեղյակ էին Ասոցացման համաձայնագրի կետերից: Հարցադրումներն ուղղվել էին ՀՀ ԱԳՆ-ին եւ Էկոնոմիկայի նախարարություններին ու պատասխանի չէին արժանացել :
Նախորդ քառօրյային ԱԺ պատգամավորների ելույթների ժամին այս հարցին արդեն անդրադարձած ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանին դիմելով ասաց` «ցավում եմ, որ այս բարդ հարցերին դուք եք ստիպված պատասխանել, քանի որ պարոն Նալբանդյանի համար շատ դժվար է հանդիպել մեր քաղաքացիներին», ու խնդրեց այնուհանդերձ համապարփակ եւ սպառիչ պատասխան տալ ռուսաստանցի պաշտոնյանի հայտարարություններին: Զոհրապ Մնացականյանը նախ ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին երկար պատմում էր, որ հենց Հայաստանի եվրաինտեգրման հարցերով է պարոն նախարարը այսօր Գերմանիայում, ու այդ այցը բավական կարեւոր է:
Բուն հարցի վերաբերյալ էլ ասաց. «Ես չեմ ուզենա անդրադառնալ, արձագանքել որոշ բաներին, որոնք ինձ համար նաեւ որոշ չափով վիրավորանք են»: Նա կրկնեց, որ Հայաստանը շատ լավ թիմով է աշխատել Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցելիս ու մանրամասներ բերեց այդ աշխատանքների ու ծախսված ֆինանսների մասին:Ասաց, որ դա արտացոլում է նաեւ այն մարդկանց թիվը, որոնք ներգրավված են եղել այդ բանակցություններում: Եղել են տարբեր գերատեսչություններից ներկայացուցիչներ ու այդ հարյուրավոր մարդիկ պատասխանատու են, ուրախ եւ հպարտ, լավ գիտեն իրենց գործը եւ շատ ուշադիր են եղել բոլոր հատվածների համար: Փոխնախարարը նաեւ բանակցությունների ձեւն ասաց`հիմնականում տեսակոնֆերանսների միջոցով:
Հեգնելով Սերգեյ Գլազեւին` փոխնախարարն ասաց, որ բանակցող մարդիկ շատ լավ գիտեին` մեզ մոտ ձկնորսություն կա՞, թե՞ չկա եւ ձկնորսության ոլորտում բանակցո՞ւմ ենք, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի խորհրդականն ասել էր, որ փնթի աշխատանքի արդյունքում պայմանագրում կետեր են մնացել` Արաբական միացյալ էմիրությունների հետ կնքված պայմանագրից, որում ձկնորսության ոլորտում համագործակցության կետեր կան:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ նստած տեղից հիշեցրեց ՌԴ նախագահի խորհրդականի մեկ այլ դիտարկումն այն մասին, որ ԵՄ Ասոցացման եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրով Հայաստանի սուվերենությունը տրվում էր Եվրոպային, ու մեր երկիրը դառնում էր Եվրոպայի վագոն: Զոհրապ Մնացականյանն ասաց, որ այդ պայմանագրերում նման բան չկա, ու ասաց, որ Հայաստանի պայմանագիրը շատ հստակ տարբերվել է մյուս պայմանագրերից այն առումով, որ Հայաստանն առավել հստակ է հաշվի առել եւ ամրագրել իր քաղաքական ու տնտեսական պարտավորությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031