«Հայտնի քաղաքական թոշակառու եւ այլեւս ձախողված քաղաքական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ երկու դիտարկում ունեմ. արտաքին քաղաքական հարցերով Բադասյանին խորհրդական ընտրելը խոսում է այդ գործչի մոտեցումների լրջության մասին, ինչպես որ ժամանակին երկրի ներքին քաղաքական հարցերի մասով հայտնի քեռուն իրեն խորհրդական ընտրելը»,- «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Ilur.am-ը երեկ հրապարակել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որում, մասնավորաբար, ասված էր. «Ես թեպետ չեմ ճանաչում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանին, այդուհանդերձ՝ չեմ կարող չհամաձայնել երեկվա նրա հայտարարության այն եզրակացության հետ, որ Հայաստանի եւ Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունենալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է խոհեմություն դրսեւորի եւ ինքնակամ հրաժարվի իր պաշտոնից։ Այն, որ վերջինս, բացառությամբ անձնական եւ կլանային բարգավաճման բնագավառի, այդ պաշտոնում բոլոր մնացյալ առումներով լիովին ձախողվել է, բանական մարդու մոտ, իհարկե, որեւէ կասկած չի հարուցում։ Ի տարբերություն հարգարժան պատգամավորի, սակայն, իմ ելակետը ոչ թե Սերժ Սարգսյանի անցյալում գործած սխալներն ու հանցանքներն են, այլ այն, թե գոնե սրանից հետո ունա՞կ է նա, արդյոք, որեւէ օգտակար գործ կատարելու Հայաստանի եւ Արցախի համար։ Պատասխանը, որքան էլ ցավալի, միանշանակ «ո՛չ է»։ Տեր-Պետրոսյանը նաեւ ութ կետից բաղկացած հիմնավորումներ է ներկայացրել:
«Զավեշտալի է, որ Արցախի ճակատագրից, Արցախը կորցնելու մասին խոսում է մի գործիչ, ով 1992 թվականի մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում համաձայնություն էր հայտնում, որպեսզի ԼՂՀ-ն մտնի Ադրբեջանի կազմի մեջ` ինքնավար մարզի կարգավիճակով: Մի մարդ, ով քաղաքական ընտրապայքարի ժամանակ կոչ էր անում քիրվայություն անել ադրբեջանցիների հետ»: Այս ամենից Շարմազանովը մի եզրակացություն է անում. «Երբեմն ավելի լավ է լռել, քան խոսել»:
«Առավոտ» օրաթերթ
Շարմազանովի արձագանքը շատ անմակարդակ է:
Դե Շարմազանովը անուրանալի ծառայություններ է մատուցել հայաստանին, դրա համար էլ ում մասին ինչ ուզենա կասի:
Ժողովրդական ասացվածք՝ ,,Ցեխակոշտը նստել՝ սարի մասին դատողություններ է անում,,…