Լրահոս
Օրվա լրահոսը

Շինիչ առաջարկ կառավարությանն ու խորհրդարանին

Հոկտեմբեր 31,2013 14:53
mesrop Harutyunyan

Հայրենի իշխանությունները, ինչպես երեւում է, ուղղակիորեն են հասկացել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ «Յուրաքանչյուրը թող սկսի իրենից» կոչը, եւ սկսել են իրենցից, ավելի ճիշտ՝ իրենց աշխատավարձերը բարձրացնելուց:

Ի՞նչ տարբերություն կա սովորական հայ գործազուրկի եւ ասենք՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Կարծում եմ՝ մեծ: Հսկայակա՛ն՝ ես կասեի: Մեր գործազուրկները, ի տարբերություն վերոհիշյալ անձանց,  խիստ հարուստ են: Եվ որպեսզի շատ չհղփանան՝ պետք է նրանց նպաստը կտրել: Տեղն է դրանց, շատ էին լպիրշացել, տանը պարապ վեր էին ընկած՝ հերիք չի, դեռ մի բան էլ 18 հազար էին ստանում: Որ ի՞նչ անեն: Երկրորդ տարբերությունը հենց դա է՝ գործազուրկը կարող է ապրել ե՛ւ 18 հազարով, ե՛ւ առանց դրա: Իսկ, այ, խեղճ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների, Հովիկ Աբրահամյանի, նախարարների եւ պատգամավորների վիճակը վիճակ չէ: Ամբողջ օրը ցեխուջրի մեջ տանջվում են, ոչ մի սեփականություն, բիզնես-բան չունեն, ո՞նց ապրեն իրենց աղքատիկ աշխատավարձով: Եվ նրանց աշխատավարձը բարձրացնելու համար ի՞նչ պիտի անել: Ճիշտ եք՝ պիտի կտրել այդ պորտաբույծ գործազուրկների նպաստը եւ խնայված գումարներով բարձրացնել Սերժ & CO խիստ սահմանափակ պատասխանատվությամբ իշխանության աշխատավարձերը:

Այո, իմաստուն են, շատ իմաստուն են մեր իշխանությունները: Էդ նպաստները կտրելով միանգամից երկու նապաստակ են խփում՝ համ իրենց աշխատավարձը կբարձրացնեն, համ էլ՝ քը՛րթ, մի հարվածով գործազրկության խնդիրը մեր երկրում կլուծեն: Պարզ չի՞: Բացատրեմ… Մարդիկ էդ չնչին նպաստի համար գրանցվում էին գործազուրկ, որ գոնե 18 հազարով մի ծակ փակեն, մինչեւ որեւէ սեւ գործ ճարեն՝ տեսնեն ինչ են անում: Իսկ հիմա՞: Հիմա էլ չեն գրանցվի, գրանցվեն, որ ի՞նչ անեն: Եվ խնդրեմ, եկող տարվա վերջին Տիգրան Սարգսյանը խրոխտ կհայտարարի, որ գործազրկության ոլոլոլոլոլոլոլոլոլորտում իրենք հասել են փայլուն հաջողությունների. Հայաստանում գործազրկությունը վերացել է… Կայֆ… Ու երբ այսպիսով բյուջետային միջոցները խնայված լինեն, առաջարկում եմ անցնեն հաջորդ քայլին. դե, որ գործազրկությունը վերացած լինի, էլ ո՞ւմ են պետք զբաղվածության կենտրոնները, թող փակեն «կ չյորտու» (էդ ժամանակ ռուսերեն դարձվածքներն արդեն ակտուալ կլինեն), եւ տեսեք, թե ինչքան փող կխնայվի: Էդ զբաղվածության կենտրոնների աշխատակիցներն էլ հո գործազուրկ չե՞ն դառնա: Հաստա՛տ չեն դառնա, դե, որ էդ զբաղվածության կենտրոնները փակեն, էլ ի՞նչ գործազրկության գրանցում, ինչ բան ու էլ ի՞նչ գործազուրկ…

Համարյա  էս տրամաբանությամբ հարցերը լուծելու ուղերձ է հղել հայրենի կառավարությանը սոցիոլոգիա եւ սոցիոլոգ բառերը սեռական բնույթի հայհոյանքի հավասարեցրած Ահարոն Ադիբեկյանը (Աստված հոգիդ լուսավորի Վալերի Այդինյան, ասում էր՝ «սոցիոլոգ լինեմ, թե սուտ եմ խոսում»)՝ հայտարարելով, թե արտագաղթը իրականում նպաստում է աշխատատեղերի ավելացմանը (տե՛ս ): Դե, հայրենի կառավարություն, քե՛զ տեսնեմ, զարկ տուր արտագաղթին (մանավանդ ժամանակին Տիգրան Սարգսյանի բերանով ասել ես՝ թող արտագաղթեն, որ հեղափոխություն չանեն), ու դրանով կլուծես նաեւ աշխատատեղերի խնդիրը: Ավելցուկ կառաջանա…

Եվ ես շինիչ առաջարկ եմ անում կառավարությանն ու խորհրդարանին. որպեսզի նպաստեք արտագաղթին, հետեւաբար եւ աշխատատեղերի ավելացմանը, նախ՝ մինչեւ այս տարեվերջ նվազագույն աշխատավարձը կրճատեք կրկնակի: Եթե այդ սրիկա պորտաբույծները չթողնեն աշխատանքը եւ չարտագաղթեն, հաջորդ քայլը կանեք. ընդհանրապես կզրկեք աշխատավարձից: Բա չէ, գործ ունեն՝ հերիք չի, դեռ մի բան էլ աշխատավա՞րձ են ուզում: Իսկ եթե սա էլ չօգնի, կա լավագույն տարբերակը (ինչպես վերջերս կարդացած մի անեկդոտում էր)՝ մուտքը աշխատավայր վճարովի կդարձնեք… Այ, սրանից հետո, հաստատ, նրանք կարդարացնեն ձեր սպասելիքները եւ կարտագաղթեն… Իսկ հենց արտագաղթը ավելի ահագնացավ, ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ կավելանան աշխատատեղերը, եւ Տիգրան Սարգսյանը կարող է խրոխտ զեկուցել, որ Հայաստանում աշխատատեղերի ավելցուկ կա ու աշխատուժի պակաս, եւ որ իրենք հսկայական առաջընթաց են արձանագրել նաեւ զբաղվածության ոլոլոլոլոլոլոլորտում…

Առաջարկեցի, բայց ինքս այս տարբերակին համաձայն չեմ: Ավելի լավ տարբերակ եմ ներկայացնում. եթե արտագաղթը նպաստում է աշխատատեղերի ավելացմանը, ապա ես առաջարկում եմ, որ այդ խիստ հայրենանվեր գործին լծվեն հենց իշխանության ներկայացուցիչները եւ արտագաղթեն իրենք: Վարչապետը, օրինակ, թող արտագաղթի Կիպրոս՝ մանավանդ էնտեղ արդեն օֆշորային ընկերություններ կարող է հիմնել ազատորեն, առանց վախենալու, Հովիկ Աբրահամյանը թող արտագաղթի Երեւանից Արտաշատ, Սերժ Սարգսյանը՝ Ղարաբաղ (մանավանդ, որ վերջինս արդեն լրիվ անկախանալու է Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուց հետո), ու էդպես, իրենց աշխատավարձից դժգոհ ԱԺ նախագահի տեղակալները, պատգամավորները, նախարարները, նրանց տեղակալները թող արտագաղթեն «կ չյորտու» կամ ով ուր եւ ում մոտ ուզում է: Սրանով երկու գլոբալ հարց կլուծվի. հասարակությունը ուրախությունից կհորդի փողոցները եւ վերջապես մի անգամ անկեղծ (ոչ «չեբուրաշկայական») երախտագիտություն կհայտնի նրանց, համ էլ լիքը աշխատատեղեր կազատվեն: Մեր երկրում բարձրագույն կրթությամբ ահագին գործազուրկ մարդ կա, որ պատրաստ է զբաղեցնել այդ պաշտոններն ու աշխատել, ընդ որում՝ վերոհիշյալ պարոններից ավելի լավ, ընդ որում՝ հենց այսօրվա, դեռ չբարձրացված աշխատավարձերով:

Անկեղծո՛րեն եմ ասում:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031