Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը չի ուզում պամֆլետներ հորինել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Հոկտեմբեր 31,2013 14:47

«Կրկնվող սցենար է, նույն բանը եղել է և իր դեպքում և երկրորդ նախագահի դեպքում, այնպես որ գնահատականներ դժվարանում եմ տալ, որովհետև վերլուծություն չկա՝ հանիրավի ասված խոսքեր են»,- սա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատականն է Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածի, որում վերջինս խոսում էր այն մասին, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա ու ութը կետից բաղկացած հիմնավորումներ էր ներկայացնում։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Գալուստ Սահակյանը նաեւ ասաց. «Տեր-Պետրոսյանի հայտարարությունը կարելի կլիներ լուրջ դիտարկել, եթե հիմնավորումներ լինեին, բայց չկան։ Հայաստանի վարկը միջազգային ասպարեզում շատ բարձր է, մեր տնտեսական գործակիցները առաջ են գնում, առավել ևս աշխարհը կարծես զարմացած է, թե փակ սահմաններով, պատերազմող երկիրը ո՞նց է տնտեսական աճ ունենում, ճգնաժամից դուրս գալիս: Այնպես որ չեմ կարծում, որ տրամաբանական կլինի չվերլուծված արտահայտությունները վերլուծել ու գնահատականներ տալ»: 

Սահակյանն արտագաղթն, իհարկե, շատ վատ բան է համարում, բայց խորհուրդ է տալիս նաև հետևել աշխարհին: ՀՀԿ խմբակցության ղեկավարը բերում է մերձբալթյան երկրների օրինակը, երբ տնտեսական ճգնաժամի պայմաններում բոլոր երկրները մեծամասամբ դատարկվել են: Այն, որ մարդիկ գնում են իրենց հանապազօրյա հացը վաստակելու, ըստ Սահակյանի, դեռ չի նշանակում, որ լքում են իրենց պետությունները կամ իրենց օրրանը:
Լրագրողների խնդրանքով, մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի «ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին» արտահայտությունը, Սահակյանն ասաց․«Ես չեմ ուզում պամֆլետներ հորինել՝ մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Դա արտահայտության ձև է, որով փորձել է ազդեցություն ունենալ ընթերցողի վրա։ Իրականում դրանք սին խոսքեր են, որն ամբողջ օրը լսում ենք ընդդիմադիր ճակատից»:
Հարցին՝ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը հենց հիմա խոսեց, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց․«Լևոն Տեր-Պետրոսյանն այդպիսին է՝ տասը տարի սպասում է, նոր է խոսում, հետո հինգ-վեց ամիս դադարում է, նորից է խոսում, հետո երևի հոգնում է գիտական աշխատություններից, թարմանալու համար նորից է խոսում»: Դիտարկմանն՝ իսկ ազդեցի՞կ է խոսում, Սահակյանը պատասխանեց․«Ամենաշատ ազդեցիկը խոսել է Շիրազը՝ Շիրազ կարդացեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031