Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Պարո՛ն Շաբոյան, ինչի՞ համար է ձեր հանձնաժողովը ստեղծված, իզուր ենք վճարում»

Հոկտեմբեր 31,2013 14:10

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ահազանգում է՝ առաջիկայում գրքերը կամ առնվազն 1000 դրամով կթանկանան, կամ էլ ստիպված են լինելու փակել գրքի վաճառքի իրենց տաղավարները: 

Հնարավոր թանկացումների պատճառը նոյեմբերի 1-ից նոր ՀԴՄ սարքերի կիրառման պարտադրանքն է, որ կառավարությունը դրել է տնտեսվարողների վրա: 
« Կառավարությունը ուզում է, որ լինի MS 23/51 սարքը՝ առավելագույն գին է 400.000 դրամ: Հետո նշել է՝ նման բարձր գին է սահմանել, որ դրա շահույթով փոքր բիզնեսին աջակցեն: Բայց եթե այսօր փոքր բիզնեսի որեւէ ներկայացուցիչ գնա եւ ասի՝ ինձ զեղչով տվեք, կասեն՝ չենք կարող, որովհետեւ կառավարության որեւէ որոշում, որ զեղչի չափը սահմանի, չկա»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նրա հաշվարկներով, կառավարության ներկայացրած չափորոշիչներով ՀԴՄ սարքեր ներմուծել հնարավոր է անգամ 12 հազար դրամով, բայց իրենց պարտադրում են գնել 1000 դոլարանոց սարքը. «Ինչո՞ւ ստեղծել մենաշնորհ, թող պահանջվող սարքերը ներմուծեն մի քանի կազմակերպություն, լինի մրցակցություն…Օպերայի կողքին ունենք գրքի վաճառքի տաղավար, այսինքն ստիպված ենք լինելու գիրքը թանկացնել առնվազն 1000 դրամով կամ պետք է փակվենք»:

Թե ինչ նպատակով են ներդրվում ՀԴՄ նոր սարքերը՝ «Անտարեսի» տնօրենը ենթադրեց. «Շտապ մեկին 400.000 դոլար էր պետք կամ ճոխ Նոր տարի են ուզում անել»:
Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ ամենաուշը եկող տարեսկզբին նոր ՀԴՄ սարքերը պետք է գործի դրվեն, իսկ ովքեր չհասցնեն, ամեն ստուգայցի ժամանակ կտուգանվեն երեք հարյուր հազար դրամով:
Գրող Հովիկ Չարխչյանն էլ ասաց՝ կանգնելու են հրատարակիչների եւ գրավաճառների կողքին. «Փորձելու ենք ամեն ինչ անել, որ այս որոշումը չկիրառվի: Եթե մեր իշխանությունները չհասկացան, որ գիրքը պետք չէ թանկացնել, ստիպված ենք այլ միջոցներով բացատրել»:
Պարոն Մարտիրոսյանն էլ ավելացրեց. «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իզուր աշխատում է, իզուր ենք մենք՝ հարկատուներս, վճարում, մի տարվա մեջ ստեղծվում է հզոր մենաշնորհ, ոչ մի գարեջուր արտադրող չի կարող երազել նման շահույթների մասին: Պարո՛ն Շաբոյան, ինչի՞ համար է ձեր հանձնաժողովը ստեղծված, եթե չեք անդրադարձել այս հարցին ոչ մի կերպ: Կամ պարոն Նազարյան, այս հարցը գազի գնից կարեւոր հարց չէ՞»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031