Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 2-ին կայանալիք Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացմանը (բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի) գլխավոր դերապարերով (Կիտրին եւ Բազիլ) հանդես կգան ամուսիններ, «Սան Ֆրանցիսկո բալետի» մենապարողներ Վանեսա Զահորյանը եւ Դավիթ Կարապետյանը: Երկու տարի առաջ նրանք իրենց ընտանեկան միությունն են ամրագրել Երեւանում: Դավիթը 8 տարի է՝ ինչ հանդես է գալիս «Սան Ֆրանցիսկո բալետում», մինչ այդ Երեւանի պարարվեստի քոլեջի սանը բեմ է բարձրացել Շվեյցարիայում՝ «Ցյուրիխ բալետում», իսկ Երեւանի օպերային թատրոնում վերջին անգամ արտիստին հանդիպել էինք շուրջ 10 տարի առաջ:
Դավիթը հայկական ժողովրդական պարարվեստի գիտակ, ժամանակին Պարի պետական անսամբլի առաջատար պարող Ռաշիդ Կարապետյանի որդին է: Իսկ Դավիթի կինը՝ ծնունդով ԱՄՆ-ից, Վանեսան, ով «Սան Ֆրանցիսկո բալետում» է 16 տարի ու թեեւ առաջին անգամ չէ նախնիների հայրենիքում, սակայն առաջին անգամ պետք է ներկայացնի իր արվեստը հայաստանցի հանդիսատեսին: Նշենք նաեւ, որ Երեւանի օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի՝ ամռանը մեզ փոխանցած լուրը, թե նոր խաղաշրջանում թատրոն կհրավիրվեն արտերկրից բարձրակարգ պարողներ, իրականություն է դառնում: Խառատյանը տվել է նաեւ «Մյունխեն բալետի» մենապարող Տիգրան Միքայելյանի, Ամստերդամից Վիկտորյա Անանյանի, ԱՄՆ-ից խորեոգրաֆ Ջոնաթան Ջորդանի եւ այլոց անունները:
«Առավոտի» հետ զրույցում Դավիթ Կարապետյանն ասաց, որ թեեւ երկար ժամանակ բեմ դուրս չի եկել հայրենիքում, այնուամենայնիվ, մշտապես facebook-ի միջոցով հետեւել է հայաստանյան բալետային անցուդարձին: Հայտնեց նաեւ, որ Վանեսան էլ հիացած է Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ», ինչպես նաեւ «Տանգո» խառատյանական բեմադրություններով:
Ամուսինը հայտնեց, որ ցանկացած արվեստում, մասնավորաբար՝ բալետում, մեծ դեր են խաղում տեղական խմբի հետ արտերկրյա հրավիրյալ պարողների հետ շփումը, ինչպես նաեւ օտար բեմադրիչների կողմից իրականացված ներկայացումները: Մեր զրուցակիցները շեշտեցին Արեւմուտքում բալետագետների հոդվածների ու քննադատությունների անհրաժեշտության մասին, որոնք իսկապես խթանում են իրենց արվեստը (ի դեպ, մեր երկրում մասնագիտությամբ բալետագետ է Երեւանի պարարվեստի քոլեջի ուսումնական մասի վարիչ Հասմիկ Մարկոսյանը, որի մասնագիտական հոդվածներին երբեք չենք հանդիպել): Դավիթը նշեց, որ իր՝ իբրեւ արտիստի առաջխաղացման ու զարգացման գործում մեծ դեր են ունեցել Ցյուրիխում աշխատելու տարիները, որոնց ընթացքում նա աշխատել է այնպիսի մեծանուն խորեոգրաֆների հետ, ինչպիսիք են Հայնց Շպյորլին, Հանց վան Մանենը, Սան Ֆրանցիսկոյում, օրինակ, թատրոնի տնօրեն Հենրի Թոմսընը եւ մյուսները:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցներն ասացին նաեւ, որ իրենց աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է, օրինակ, Երեւան են ժամանել Նյու Յորքի հյուրախաղերից հետո:
Հետաքրքրությանը՝ ինչպիսի՞ համեմատություններ՝ թեկուզ նմանություններ կամ տարբերություններ կարելի է նկատել Երեւանի եւ Սան Ֆրանցիսկոյի բալետային խմբերի աշխատաոճում, Դավիթի պատասխանը հակիրճ էր. «Արվեստում ճիշտ չէ համեմատություններ անցկացնել», իսկ Վանեսան հայտնեց, որ այսօրվա իր՝ իբրեւ մենապարուհու կայացման գործում մեծ դերակատարում ունի իր ուսուցիչը՝ Ռուդոլֆ Խառատյանը, ում մոտ սովորել է ԱՄՆ-ում: Հավելեց նաեւ, թե 18-րդ դարում Անգլիայում, Ավստրիայում, ապա Ֆրանսիայում իբրեւ ինքնուրույն արվեստ ձեւավորված բալետի այսօրվա հայաստանյան վիճակից ինքը գոհ է:
Դիտարկմանը, թե՝ տանն ու աշխատանքում միասին, բեմում՝ անբաժանելի, փաստորեն միշտ կողք կողքի եք…, ամուսինները ժպտալով ասացին, թե սիրով են ապրում՝ բեմում, կյանքում եւ ընդհանրապես:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ