Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականությունն ու անկախությունը

Հոկտեմբեր 31,2013 13:32

Եթե քաղաքական գործիչների դեպքում ինքնանվաստացումը որևէ անհարմարություն չի պատճառում, ապա Զորի Բալայանի հայտնի նամակից հետո հրապարակ դուրս եկան մտավոր աշխատանքով զբաղվող մարդիկ և երանությամբ նկատեցին, թե վատ չէր լինի որ Հայաստանը լիներ Ռուսաստանի գուբերնիաներից մեկը։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ու բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը՝ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ կապելու շուրջ։

– Ինչո՞ւ առաջադեմ լինելու կոչված մտավորականությունը, որն, ըստ էության, Հայաստանի անկախության ակունքներին էր, չի լարվում Հայաստանի՝ ՌԴ ֆորպոստ լինելու մտքից։
Հ.Խ.– Նախ՝ համաձայն չեմ, որ մտավորականությունն ինքնին կոչված է առաջադեմ լինելուն։ Դա վիճելի է. ավելին, կարծում եմ, որ մտավորականությունը պահպանողական է։ Մարդիկ պատմություն են գրում, ֆիզիկոսներ են, բժիշկներ, ինչո՞ւ նրանք պիտի առաջադեմ լինեն։
– Այն հիմնավորմամբ, որ մտածում են։ Այս մարդկանց գործունեության
ոլորտը ստիպում է անցյալը ձեռքի տակ ունենալով՝ նայել ապագային։
Ինչը և անում են պատմաբանները, ֆիզիկոսները, բժիշկները…
Հ.Խ.– Դա Ռուսաստանում տարածված մտայնություն է, սակայն, չէի ասի, թե աշխարհում այդպես են մտածում։ Համաձայն չեմ նաև այն հարցադրման հետ, որ Շարժման առաջին գծում կանգնած մտավորականներն ուզում են միանալ Ռուսաստանին։ Մի նամակը կամ այդ նամակին համակրանք արտահայտած 5-6 մարդը դեռ շերտի կամ հասարակության կամքի արտահայտողները չեն։
– Զորի Բալայանի նամակից առաջ ներկայացվել էր Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության հայտը։ Այդ առիթով ևս թե՛ մտավոր աշխատանքով զբաղվող շերտը, թե՛ շարքային քաղաքացիները հիմնականում կողմ են արտահայտվել Ռուսաստանի և հե՛նց Ռուսաստանի հետ նույն միության մեջ լինելու գաղափարին։
Հ.Խ.– Առավել ևս. մտավորականությունն այստեղ առնչություն չունի, սա քաղաքական որոշում է։ Մարդիկ կարող են լինել ռուսամետ, արևմտամետ (ցանկալի է՝ լինեն հայաստանամետ) և կարող են արտահայտել իրենց տեսակետը, ինչը բնավ չի նշանակում, թե Հայաստանի մտավորականները, բնակչությունը հենց այդպես է մտածում։ Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ Հայաստանի անկախությունը չի արդարացրել մարդկանց սպասելիքները՝ սոցիալական հավասարություն, հավասար հնարավորություններ, հարգանք՝ քաղաքացիների հանդեպ եւ այլն, եւ այլն:
Հ.Մ.– Օրիենտացիայի հարցում մենք միշտ ելնում ենք մեր հոռետեսությունից։ Եթե նկատի առնենք 17– 18-րդ դարերը, երբ մեր ժողովրդի կյանքը կապվում էր այս կամ այն կողմնորոշման հետ՝ եվրոպական, ռուսական, տեսնում ենք, որ դրանք այն պահերին են, երբ մենք մեր ներսում տանուլ ենք տալիս երկրի, հասարակության, ժողովրդի գաղափարները։ Հասկանալի է՝ փոքր երկիրը պետք է կողմնորոշման բնազդներ ունենա, բայց փոքր երկիրը պետք է ունենա նաև այն ելակետերը, որոնցից ընտրում է այս կամ այն կողմնորոշումը։ Տվյալ դեպքում՝ պետք է հասկանանք՝ այս կամ այն կողմնորոշում ասելով՝ ի՞նչ ենք հասկանում։ Եթե ասում ենք՝ ռուսական կողմնորոշում ունենք, պետք է նկատի ունենանք երեք գործոն։
1. Ի՞նչ բան է ռուսական պետությունը, այն՝ որպես կառուցվածքային միավոր, այսօր աշխարհում ի՞նչ նշանակություն ունի, ի՞նչ հեռանկար ունի իր ժողովրդի, իր հասարակության համար։
2. Տվյալ պետությունը հումանիտար, մշակութաբանական ի՞նչ արժեք է իրենից ներկայացնում։
3. Պետք է հասկանանք այդ պետության հեռանկարները 30, 50, 100 տարի հետո։ Իմ կարծիքով՝ այսօրվա մեր մտավորականության մեջ ևս կա ռուսական կողմնորոշման բնազդ։ Մի կողմից՝ դա պատմական հիմքեր ունի և բացատրելի է։ Մյուս կողմից՝ այսօրվա մեր վիճակում, երբ անկախ պետություն ենք, 1000– ավոր խնդիրներ ունենք, առանց հիմնավորման՝ կարոտախտի հրթիռը միացնել և սլանալ ետ, կարծում եմ՝ մեզ համար սխալ է:
– Հիմնավորումները կան. նախ՝ Ռուսաստանը ներկայացվում է՝ որպես հոգևոր մի կենտրոն, որպես Դոստոևսկու, Տոլստոյի երկիր, իսկ Եվրոպայում, ինչպես Վիսոցկու հայտնի երգում, հարևանդ կարող է ներկայանալ՝ որպես կին, հետո պարզվի՝ տղամարդ է։
Հ.Մ.– Դա տգետ մոտեցում է։ Եթե մենք պետության տեսության ընթացքին ենք հետևում, տեսնում ենք՝ եվրոպական պետություններն՝ անկախ իրենց աջուձախ շեղումներից, հումանիտար սկզբունքների հիման վրա ձևավորված պետություններ են։ Էլ չեմ ասում ֆրանսիական հեղափոխությունից հետո մեջտեղ եկած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» դոկտրինը։ Ցանկացած եվրոպական երկիր կարող է կոչվել պետություն, եթե ապրել է անհրաժեշտ պատմական երեք շրջան՝ հունական միտք, քրիստոնեական լոգոս, հռոմեական իրավունք։ Ռուսաստանը հռոմեական իրավունքի շրջան չի ունեցել։
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031