Հարցազրույց Եվրախորհրդարանի անդսւմ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլեն Ցաբրնոխի հետ։
– Պարոն Ցաբրնոխ, հոկտեմբերի 28-29-ը Երեւանում նախատեսված էր ՀՀ-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը, որը չի կայացել, քանի որ ԵՄ պատգամավորները չեն եկել, եւ նիստը տապալվել է: Ինչո՞ւ պատվիրակության անդամները հրաժարվեցին գալ Հայաստան, ինչո՞վ է դա պայմանավորված։
– Այո, այդ հանդիպումը նախատեսված եւ պլանավորած էր, բայց այն տեղի չունեցավ։ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը տեղի է ունենում ամեն տարի։ Վերջինը եղել է Բրյուսելում, իսկ հաջորդ նիստը պետք է տեղի ունենար Երեւանում։ Եվրոխորհրդարանի ներկայացուցիչները Երեւան չեն եկել մի քանի պատճառներով։ Նախ՝ կար Հայաստանի նկատմամբ հետաքրքրության պակաս։ Մեկ այլ պատճառ կապված է Վրաստանի նախագահական ընտրությունների հետ. քանի որ մենք նաեւ
Վրաստան-Ադրբեջան պատվիրակության անդամ ենք, հանձնաժողովի ներկայացուցիչներից շատերը այս վերջին օրերին Թբիլիսիում դիտորդական առաքելություն էին իրականացնում եւ զբաղված էին։ Մյուս պատճառն էլ պայմանավորված է Հայաստանի արտաքին քաղաքականության
անակնկալ զարգացումով։ Հայաստանի նախագահը ցանկություն հայտնեց գնալ դեպի Մաքսային միություն, ինչը, ցավոք, համատեղելի չէ Եվրամիության հւ Հայաստանի միջեւ արդեն իսկ պլանավորված
փաստաթղթի ստորագրման հետ, որի վրա մենք աշխատել ենք ավելի քան 3 տարի։ Այսինքն, տեղի է ունեցել որոշման փոփոխություն, եւ մեզ հիմա այդ առումով շատ ավելի ինֆորմացիա է հարկավոր։ Հենց այս պատճառներից ելնելով էլ՝ մենք որոշեցինք հանդիպում կազմակերպել համանախագահական մակարդակով։
– Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ Եվրահանձնաժողովի պատգամավորները, որոնք ներառված են ԵՄ-Հայաստան հանձնաժողովի մեջ, այլեւ հետաքրքրված չեն Հայաստանով։
– Եթե այդպես ասենք, շատ ուղիղ կլինի։ Կարող ենք ասել, որ դա պայմանավորված է Հայաստանի արտաքին քաղաքականության ոչ պարզ վիճակի հետ։ Մեզ հիմա ավելի ինֆորմացիա է հարկավոր, մենք պետք է հայ քաղաքական գործիչների հետ քննարկումներ անցկացնենք, եւ հենց դա է պատճառը, որ ես այստեղ եմ։ Մենք ուզում ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ։ Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար, քանի որ հնարավորություն ունեմ խոսելու շատ մարդկանց հետ։ Ես հանդիպումներ եմ ունենալու արտաքին գործերի նախարարի, վարչապետի եւ նախագահի հետ:
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում