Այսօր «Հայելի» ակումբի հյուրերն էին Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի հրամանատարներ Սարգիս Կարապետյանն ու Բորիկ Հարությունյանը:
Հրամանատարները մտահոգված էին երկրում ստեղծված իրավիճակով եւ առաջարկում էին ազգի փրկության սեփական ծրագիրը. «Այն հայը՝ նա կլինի երկրի նախագահ, դռնապան, ով արտասահմանյան բանկերում գումարներ է դրել, թալանել է երկիրը, պետք է դիտվի հայրենիքի դավաճան: Գողի ձեռքը պետք է կտրել, դավաճանի՝ գլուխը: Ամբողջը պետք է վերադարձվի պետության գանձարան: Այնպես պետք է վախեցնենք, որ գերեզմանում դավաճանը շուռ գա: Ինչ որ ժողովրդից խլել են խաբեությամբ, բոլորը պետք է հետ վերադարձնեն: Մեր որոշումն է Հայաստանում հաստատել արդարություն: Ուզում է արյան գետեր հոսեն, պետք է հասնել դրան»:
Հրամանատարները ներկայացնում էին «Ազգի փրկություն» կուսակցությունը: Սարգիս Կարապետյանը նշեց, որ բոլոր մարզերում ունեն իրենց կառույցները, մեծ մասը ազատամարտիկներ են, մյուսները՝ մտավորականներ, շարքային քաղաքացիներ:
«Պատերազմի դաշտում, երբ ջոկատն ընկնում է շրջափակման մեջ, չես մտածում՝ ոնց գնաս հայրենիք, ամուսնանաս, երեխա ունենաս: Հիմա մենք շրջափակման մեջ ենք: Եթե պատերազմ սկսվի, մենք տանուլ ենք տալու, որովհետեւ կռվելու են բռնապետության, արտագաղթի, աղքատության դեմ եւ արտաքին թշնամու դեմ: Այն ժամանակ բռնապետություն չի եղել, երբ հաղթել ենք»,- ասաց հրամանատար Սարգիս Կարապետյանը՝ Զորի Բալայանի նամակի հետ կապված էլ ավելացնելով, որ շրջափակումը կռվով հաղթահարելուց բացի ուրիշ կերպ մտածողներին պետք է գնդակահարել:
Ազատամարտիկները ազգի փրկության իրենց ծրագիրը փորձել են քննարկել իրենց կարծիքով ընդդիմադիրների հետ՝ Արթուր Բաղդասարյանի, Արամ Կարապետյանի հետ. «Վերջին անգամ հանդիպել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքն ուզում է ազգը փրկել՝ առանց մի կաթիլ ոչ թե արյուն թափելու, այլ առանց մի կաթիլ քրտինք թափելու: Քաղաքական որ ուժերի հետ հանդիպել ենք, մերժել են»:
Կարդացեք նաև
Ազատամարտիկները անգամ երկու նախագահներին են դիմել՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին. «Իրենք հրաժարվել են մեզ հետ հանդիպումից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ