Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Օսիկյան. «Պետք է կույր չլինել՝ համակարգում փոփոխությունները տեսնելու համար»

Հոկտեմբեր 31,2013 11:42

Այսօր փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի մասնակցությամբ ներկայացվեց «Ոստիկանությունում կոռուպցիայի դեմ պայքարը, բարեվարքության եւ հաշվետվողականության ամրապնդումը» ձեռնարկի հայերեն տարբերակը: Այն նաեւ ուղեցույց է լինելու Հայաստանի ոստիկանության համար՝ արդյունավետ բարեփոխումներ անելու համակարգում: 

«Կոռուպցիան բարդ երեւույթ է, եւ շատ կարեւոր է դրա դեմ պայքարել տարբեր մակարդակներում եւ բոլոր հաստատություններում, այդ թվում՝ ոստիկանությունում»,- ասաց պարոն Սորոկինը: Նրա համոզմամբ, թե՛ ոստիկանությունում ռազմավարություն մշակողների, թե՛ գործնական աշխատանք իրականացնողների համար այդ ձեռնարկը կդառնա օգտակար գործիք՝ կոռուպցիային հակազդելու եւ հակակոռուպցիոն գործելակերպը ներդնելու համար: 
Փոխոստիկանապետն էլ բացատրեց, թե այդ ձեռնարկն ինչպես են օգտագործելու համակարգում: «Հազարավոր գրքեր են լույս տեսել, եթե կարողանանք էդ հազարավոր գրքերից թեկուզ ինչ-որ բան էլ վերցնել եւ տեղայնացնել մեր օրենսդրության մեջ, մեր աշխատանքում, կարծում եմ՝ օգտակար կլինի: Չենք զլանում էդ հազարավոր գրքերից օգտվել, դիտարկել եւ փորձել ներդնել: Այս ձեռնարկը համակցությունն է տարբեր երկրների ոստիկանական համակարգերի կատարելագործման»,-ասաց նա:

Պարոն Օսիկյանը նաեւ վստահեցրեց ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ ՀՀ ոստիկանությունում կատարված բարեփոխումների արդյունքում էական փոփոխություններ են կատարվել, եւ հասարակությունն արդեն այլ կերպ է ընկալում ոստիկանին:

Aravot.am-ը հետաքրքրվեց ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը եւ հիշեցրեց, որ դեռ նախորդ ամիս մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դատապարտել էր ոստիկանների գործողությունները, ակտիվիստների հետ ոստիկանական բախումներն ու բռնություն կիրառելու դեպքերը:

«Ցանկացած իրավիճակում հնարավոր են ե՛ւ մարդու իրավունքների պաշտպանի կողմից դիտարկումներ, ե՛ւ առանձին քաղաքացիների կողմից դիտարկումներ, եւ հնարավոր են այս կամ այն իրավիճակում ոստիկանության ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորումներ, բայց մեր խնդիրն է նման դեպքերը շատ արագ վերհանել, եւ այն անձանց, որոնք չեն գործում օրենքի սահմաններում, պատժել: Մեզ մոտ ստեղծվեց կարգապահական հանձնաժողով , հուսով եմ՝ սա մեկ քայլ առաջ էր ժողովրդավարական ոստիկանություն ունենալու»:
Մեր դիտարկմանը, թե ոստիկանությանը քննադատում են, որ բարեփոխումների արդյունքում միայն ոստիկանների համազգեստը փոխվեց, պարոն Օսիկյանն ասաց. «Համազգեստի փոխվելուն զուգահեռ փոխվել է շատ բան, պարզապես պետք է կույր չլինել, որ տեսնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031