Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանի աշխատավարձը ոչ թե բարձրանում, այլ իջնում է, բայց նա ըմբռնումով է մոտենում

Հոկտեմբեր 31,2013 11:40

Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագծին վերաբերվող ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ իր դեպքում աշխատավարձի իջեցում է տեղի ունեցել: Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով ՄԻՊ-ի աշխատավարձը պետք է հավասարեցվեր Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին: Իր աշխատավարձի գործակիցը, սակայն, ներկայացված նախագծով 0,5-ով ավելի ցածր է, քան Սահմանադրական դատարանի նախագահինը: Օմբուդսմենը նաև նշեց, որ իրենց օրենքով փորձում են նաև սահմանափակել իր լիազորությունները: «Ես դա կբարձրաձայնեի և որպես ճնշում կդիտարկեի իմ նկատմամբ, որ փորձում են ինձ ճնշել, սահմանափակել իմ գործունեությունը: Քանի որ իմ իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվեն պատգամավորները, իսկ ես կզբաղվեմ 2,5 մլն բնակչության իրավունքներով: Խնդրում եմ ինձ օգնել գոնե 10 մլն դրամ հայթայթելու համար, որ արագ արձագանքման ծառայությունը պահենք, այդ երեք հաստիքը պահենք»,- ասաց նա: 

Արագ արձագանքման խմբի հետագա աշխատանքների համար անհրաժեշտ տասը միլիոն դրամի բացակայության համատեքստում Կարեն Անդրեասյանը նշեց, որ կառավարությունում խոսում են իրենց լավ մեքենաների, վերանորոգումների մասին. «Ճիշտ է, կենսաթոշակների բարձրացման մասին էլ են խոսում, բայց նաև այլ խնդիրների մասին են խոսում: Բոլորս պատկերացնում ենք, թե արագ արձագանքման ծառայության 10 մլն դրամը կառավարությունում ինչի հետ կարելի է համեմատել»: Կարեն Անդրեասյանը նաև հայտարարեց՝ եթե կառավարությունը մեկ-երկու համերգ կրճատի, մեկ-երկու գործուղում կրճատի, մի քանիսին բուժման համար գումար չհատկացնի, հնարավոր կլինի խոցելի ոլորտների ֆինանսավորումը լիարժեք իրականացնել:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, հավելելով Պաշտպանին, ասաց, որ ինքն ուղղակի թերթելով նախագծի որոշ էջեր զավեշտական բաների է հանդիպել. «Ինչ-որ պարող թե երգող տղաներ կազմակերպությանը մի քանի միլիոն դրամ, չգիտեմ`«Օջախի ծուխ», «Ճաքած նուռ», `«Կարաոկե» ինչ-որ կազմակերպությունների գումարներ… Չգիտեմ, միգուցե այդ պարող կամ երգող տղաները, որ ես առաջին անգամ եմ լսում, միգուցե ինչ-որ լուրջ ֆունկցիա են իրականացնում ՀՀ-ում եւ յոթ միլիոն դրամի իրապես արժանի են»:
Տիկին Զոհրաբյանը Կարեն Անդրեասյանին խոստացավ, որ ԲՀԿ-ն առաջարկ կներկայացնի`արագ արձագանքման խմբին տասը միլիոն դրամ տրամադրելու, բայց չբացառեց, որ կառավարությունն իր ստանդարտ պատասխանը տա` մերժում են, քանի որ շատ ավելի գերակայություններ կան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031