«Մեզ չեն տալիս 31 մլն դրամը, որը մենք լրացնելու էինք դրամաշնորհների հաշվին: Դրանից 15 միլիոնը մարզային վեց գրասենյակներից երեքի համար էր, որ խնդրել էինք: Տաս միլիոն դրամ արագ արձագանքման խմբի համար էր: Եթե այդ 31 մլն դրամը վերջնական մերժվի, ապա հունվարի 1-ից այլեւս չի գործի արագ արձագանքման խումբը»,- այսօր Ազգային Ժողովում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` դժգոհելով իրենց հատկացված ֆինանսավորումից:
Նա նշեց, որ արագ արձագանքման ծառայությունը մի ծառայություն է, որը նախորդ տարի 1025 ահազանգի է պատասխանել, որոնցից մոտ 300-ով արագ արձագանքում է իրականացրել: Արագ արձագանքման խումբը գործել է երթերի, ցույցերի ժամանակ բռնությունների կիրառման դեպքերում, զորամասերում և այլ փակ հաստատություններում որոշակի ապօրինություններ են կանխել. «Այս ծառայությունը ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության կողմից դրական է գնահատվել, և ցավալի կլինի, որ 10 մլն դրամ չունենալու պատճառով զրկվեինք այդ ծառայությունից»: Ֆինանսավորման բացակայության պատճառով մարզային վեց գրասենյակներից երեքը հունվարից չեն գործի:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հաջորդ տարվա պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 213 մլն դրամ: Պաշտպանը հիշեցրեց, որ նախորդ տարի ինքը հայտարարել էր, որ ՄԻՊ գրասենյակը հրաժարվում է դրամաշնորհային ծրագրերից, որպեսզի միջազգային կառույցներից անկախ գործի, փոխարենը պետք է ֆինանսավորվի պետբյուջեից, սակայն պետք է պետությունից էլ անկախ գործի: Օմբուդսմենի խոսքով՝ այսօր լրանում է իրենց վերջին դրամաշնորհային ծրագրի վերջին պայմանագրի ժամկետը, հետևաբար պետբյուջեից պետք է ֆինանսավորումն ավելանա: Նա նշեց, որ իրենք բյուջետային հայտ են ներկայացրել՝ հաջորդ տարվա համար 244 մլն դրամ ստանալու համար, սակայն այսօրվա դրությամբ բյուջեի նախագծում բավարարված է միան 213 միլիոնը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ