Կապանի անտառներում միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ապօրինի անտառհատման 2 դեպք է գրանցվել՝ 26 ծառ է ապօրինի հատվել, հիմնականում գյուղական բնակավայրերի մոտ՝ անտառտարածքներում:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցները առգրավել են հատված ծառերի 13 խմ․ փայտը, արձանագրված դեպքերի մասին էլ տեղեկացրել բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնին: «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Գարիկ Միրզոյանի խոսքով՝ այս տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ 12 ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել՝ հատված 109 ծառն ընդհանուր 23 խմ․ փայտանյութով առգրավվել է անտառտնտեսության աշխատակիցների կողմից: Ծառահատման դեպքերը հիմնականում գրանցվել են վերջին ամիսներին: Այն, որ եղանակները ցրտելուն ընդառաջ ապօրինի ծառահատումներն ավելանում են, դա նորություն չէ: Մշտապես անդրադարձել ենք Սյունիքի մարզի բնակավայրերի ջեռուցման խնդրին: Շատ բնակավայրերում ջեռուցման խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված, գյուղերի զգալի մասը դեռ չի գազաֆիկացել, գյուղացիներին էլ արգելվում է անտառից օգտվել: Պետության կողմից տրամադրվող 8 խմ․ թափուկը թեեւ օգնություն է բնակիչներին, բայց գյուղացիները մշտապես բարձրաձայնել են, որ միայն թափուկով ձմեռը դուրս բերել հնարավոր չէ, փայտի գինն էլ իրենց գրպանների համար շատ թանկ է: 1 խմ․ վառելափայտը պատրաստի վիճակում 11 կամ 12 հազար դրամից սկսած են ձեռքբերում, հեռավոր բնակավայրերում՝ ավելի թանկ գնով: «Ո՛չ փայտի գինն են իջեցնում, ո՛չ գազաֆիկացնում են գյուղը, ո՛չ էլ թողնում են անտառից օգտվենք, փայտ կտրողի վրա ակտ են գրում: 8 խմ․ թափուկով 3-4 ամիս կարա՞ս յոլա գնաս: Ամեն տարի ձմռանը նույն վիճակում ենք հայտնվում: Էսօր, ո՞ր մի գյուղացի կարա 10-15 խ.մ փայտ առնի էդ թանկ գներով, իսկ ով կարողանում ա, գնում ա հատատեղից էժան գնով կտրում-բերում», – ասում է Սաթիկ տատն, ով ստիպված է լինում ձմռանը գյուղից Կապան քաղաք գնալ՝ իր որդու տանը ձմեռն անցկացնելու համար:
«Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Գարիկ Միրզոյանն էլ նշում է, որ 1378 խմ․ թափուկ են հատկացրել Կապանի տարածաշրջանի 33 գյուղերին եւ 5 բանավաններին: «Բացի այդ, կան նաեւ հատատեղեր, որտեղից մարդիկ կարող են օրինական ճանապարհով ծառ կտրել, կանգուն ծառի 1 խ.մ արժե 6 հազար 480 դրամ: Խիստ հսկողություն ենք իրականացնում, խնամի, ծանոթ կամ բարեկամ հաշվի չի առնվի ապօրինի ծառահատում արձանագրելու դեպքում», – հավելեց Գարիկ Միրզոյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ