Մաշտոցի պուրակում այսօր հայտնված այծերով դեղին գլխարկավորներին ոչ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցներն էին իրենց խմբից համարում ոչ էլ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության ակտիվիստները:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այծերին պուրակ բերելու նախաձեռնությունը «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» խմբի ակտիվիստներինն է. «Դեղին գլխարկավորներ են, նախաձեռնությունն իրենցն է: Ես էլ եմ զարմանում, մենք էլ ենք ապշած, որովհետեւ քաղաքակիրթ խոսքի սահմաններից անցել են դեպի կենդանիներով ցույց կազմակերպելուն: Երեւանի կենտրոնը վերածել են գազանանոցի կամ կրկեսի»:
Նա ասաց, որ իրենք որեւէ կապ չունեն այծերով պայքարի հետ. «Իրենք տարբեր պրովոկացիաների դիմեցին, հիմա էլ որոշել են կենդանիների միջոցով պայքարել»:
Այսօր այգում, ի տարբերություն նախորդ օրերի, չկային կարմիր գլխարկավորները, պարոն Սուրենյանցից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են իրենք այսօր դեղին գլխարկավորներին հետեւում այգում գործող սրճարանից. «Մենք ունենք տասը հազար եւ ավելի կողմնակից, կարմիր գլխարկավորների դեֆիցիտ երբեք չունենք: Ընկերներով սրճարանում նստած սուրճ ենք խմում, եթե նրանք ծայրահեղությունների չեն գնում, մենք պայքարի դրսեւորումներ չենք ունենում: Շատ հանգիստ ենք եւ մեր կողմնակիցներից ոչ մեկի չեք գտնի դեղին գլխարկավորների մեջ հիմա կանգնած»:
Կարդացեք նաև
Քաղաքագետը նաեւ ավելացրեց՝ կարմիր գլխարկավորները կդադարեցնեն իրենց պայքարը միայն մի դեպքում՝ եթե դեղին գլխարկավորները դադարեցնեն. «Իսկ ընդհանրապես, եթե կարմիր գլխարկավորները ակցիա ունենան, իրենք պաշտոնապես կհայտարարեն, իսկ քաղաքի կենտրոնը, կենդանիներով շրջապատված, մեզ համար էլ է շատ տգեղ, եւ ամենայն հավանականությամբ, մենք դեռ կարձագանքենք»:
Ի դեպ, այսօր Մաշտոցի պուրակում, երբ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության ակտիվիստները հայտարարեցին, որ գնում են Ոստիկանության բաժանմունք, որտեղ ժամեր առաջ բերման է ենթարկվել իրենց ակտիվիստներից Գեւորգ Սաֆարյանը, նրանց հետեւից գնացին նաեւ այծատերերը՝ պնդելով, որ գնում են իրենց բերման ենթարկված եղբորը սատարելու: Բայց նրանցից ոչ ոք չգիտեր բերման ենթարկվածի անունն անգամ: Սամվել Ալեքսանյանի աջակիցներն էլ նրանց հետեւից ասում էին՝ «գնացեք, գնացեք, ձեր Գեւորգը հիմա ձեր կարիքն ունի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ