«Հայաստանի քաղաքացիներ ենք, իրավունք ունենք մեր իրավունքները պաշտպանելու»,- այսօր այս կարգախոսով ու այծերով մի խումբ անծանոթ դեղին գլխարկավորներ էին հայտնվել Մաշտոցի պուրակում: Առաջին հայացքից տպավորություն էր ստեղծվում, որ նրանք «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամներ են: Այծերի վրա էլ փակցրել էին՝ «պայքարենք օլիգարխների դեմ» ցուցապաստառներ:
Այծատերերը պնդում էին, որ նախաձեռնության ակտիվիստներից են, բայց նախաձեռնության անդամները վստահեցնում էին՝ կարմիր գլխարկները դեղնել են: Այծերը հենց Մաշտոցի պուրակում հոգում էին իրենց բնական կարիքները, իսկ այծատերերը նրանց քարշ տալով պուրակում շրջում էին: Նրանցից մեկն էլ ներկայացավ ֆերմեր, ֆերմայի վարիչ, ասաց 1500 այծ ունի, դրանցից տասն է բերել պուրակ: Իսկ իր նպատակն է այծերին բազմացնելը. «Առաջինը ես ասացի՝ եկեք բազմացնենք մեր այծերին, սրանք այծեր են, պետք է ֆերմաներ բացենք, բազմացնենք, որ կաթը շատ լինի, փոխարինի մայրական կաթին: Էսօր մայրական կաթը քիչ է երեխաներին տալու համար»:
Մեր հարցին՝ «բարերար» Սամվել Ալեքսանյանին դիմե՞լ եք ֆերմաներ բացելու հարցով, ասաց՝ դեռ չէ, բայց որ դիմեն, վստահ են՝ անպայման կօգնի. «Մտքովս չի անցել դիմեմ: Եթե դիմեմ Սամվել Ալեքսանյանին, չի մերժի 100 տոկոս: Սամվել Ալեքսանյանը բարերար է, ոչ թե օլիգարխ»:
Մեր հարցին, այսինքն` ձեզ համար նա օլիգարխների ցանկում չէ՞, ասաց՝ ոչ, բայց չհստակեցրեց, թե որ օլիգարխների դեմ են պայքարում, ինչպես գրել են իրենց այծերի վրա փակցրած ցուցապաստառներին. «Ես տասը անգամ կրկնեցի՝ բա-րե-րար: Ես հասարակ գյուղացի մարդ եմ, չգիտեմ՝ ովքեր են օլիգարխները: Ես ընդհանուր եմ ասում՝ անձնական չեմ կարող ասել»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ, նույն ֆերմայի վարիչ ներկայացած տղամարդը հանեց դեղին գլխարկը ու հեռացավ, ասաց՝ գնում է ջերմուկ գնելու: Բայց ջերմուկ գնելու փոխարեն նստեց այգում գործող սրճարանում, որտեղ նստած էին Սամվել Ալեքսանյանի աջակիցները: Իսկ մեր տեսախցիկը տեսնելուց հետո ասաց՝ ի՞նչ եք ինձ հետապնդում ու հեռացավ սրճարանից:
Մանրամասները՝ տեսանյութերում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ