«Քաղաքապետի թեկնածուին ոչ մի բան չասեցի, բայց ուզում եմ, որ առավոտյան մի տրանսպորտ լինի մեր բանավանից Երեւան գնացող: Մենակ գնացքն է՝ ժամը յոթին, ի՞նչ կլինի, որ մի ուրիշ տրանսպորտ լինի առավոտյան ժամին, ասենք՝ ութին՝ Երեւանում աշխատող բանավանցիների համար: Բացի այդ՝ լուսավորում են անցկացրել, բայց երեկոյան անջատում են, իսկ լուսադեմին ոչ մի լուսավորություն չկա, մենք էլ առավոտյան աշխատանքի ենք գնում, մութ է, ոչ մի բան չի երեւում, շներն էլ մյուս կողմից են հարձակվում»,- ասում է Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի (ՈԿՖ) բանավանի բնակչուհի Զոյա Բադալյանը, նա այսօր մասնակցել էր Արարատ քաղաքի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի հետ քարոզարշավի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը: Հարցն էլ ուզում է այսկերպ բարձրացնել, հույս ունենալով, որ քաղաքապետի թեկնածուներից ով էլ ընտրվի, խնդիրը կլուծի:
Նույն բնակավայրի բնակչուհի Ասյա Գեւորգյանն էլ ասում է, որ հույսը կապել է Հանրապետական թեկնածուի հետ: Խոսել է հետը եւ ներկայացրել բանավանում առկա խնդիրները. «Ասել եմ՝ ասֆալտապատում անցկացնեն, կանաչապատեն բանավանը, զբաղվեն կոյուղիների վերանորոգմամբ, ի՞նչ վիճակ է տիրում մեզ մոտ, ողբալի է, պետք է նոր քաղաքապետը զբաղվի այս հարցերով»,- ասում է տիկին Ասյան:
Իսկ Արարատի քաղաքապետի Հանրապետական կուսակցության թեկնածու Հայկ Հայկյանը մեզ հետ զրույցում նշում է, որ եթե ընտրվի քաղաքապետ ասֆալտապատման, կանաչապատման աշխատանքներ է իրականացնելու: «Քանի որ ես հանդիսանում եմ Արարատ քաղաքի բնակիչ, մեծացել եմ այս քաղաքում շատ լավ պատկերացում ունեմ քաղաքի անցուդարձի, քաղաքում եղած բացթողումների եւ հաջողությունների մասին: Դրանից ելնելով էլ կազմել եմ իմ ծրագրային դրույթները հետագա աշխատանքի համար, եւ ներառված են այն ծրագրերը, որոնք որ հուզում են քաղաքին. բազմաբնակարանային շենքերի տանիքների վերանորոգման, ջրագծերի, կոյուղիների անցկացման, մարդկանց հոգեւոր եւ կենցաղային հարցերի լուծման հիմնախնդիրներն են դրված իմ ծրագրում, հիմնական իմ աշխատանքային մեխը լինելու է մարդկանց մեջ արթնացնել բարյացակամ վերաբերմունքը»,- ասում է նա:
Իսկ Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք չի՞ նկատվում իրականացված աշխատանքների տարբերություն Արարատ քաղաքի եւ ՈԿՖ-ի բանավանի միջեւ, պարոն Հայկյանը պատասխանում է. «Տարբերություններ շատ կան, պետք է այժմ այնպես իրականացնենք, որ աշխատանքները Արարատ քաղաքում եւ ՈԿՖ-ի բանավանում զուգահեռ ընթանան, եթե փողոց է ասֆալտապատվում Արարատ քաղաքում, ապա բանավանում պետք է մեկ այլ փողոց ասֆալտապատվի, կանաչապատվի, ինձ համար տարբերություն չկա, պետք է հավասարություն լինի եւ՛ կառավարող քաղաքի, եւ՛ բանավանի միջեւ: Տեսել եմ՝ ինչ վիճակում են գտնվում բանավանի նկուղային հարկերը, փողոցները, հատկապես քոթեջների տարածքը, քոթեջներին հարող հանրակացարանային հատվածներն եմ տեսել, բոլոր խնդիրներին ծանոթ եմ»,- ասում է քաղաքապետի թեկնածուն եւ հավատացնում, որ համայնքային բյուջեն կհերիքի իր նախանշած բոլոր ծրագրերը իրականացնելուն. «Ես իմ կողմից ուզում եմ ավելացնել, որ բյուջեի յուրաքանչյուր տողը ծառայելու է իր նպատակին»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հիշեցրեց, որ անցած Խորհրդարանական ընտրություններին Արարատի մարզի պատգամավորի թեկնածու Արայիկ Գրիգորյանը, ով արդեն ԱԺ-ում մարզի պատգամավորն է, խոսք էր տվել ՈԿՖ բանավանի երիտասարդներին՝ մշակութային եւ երիտասարդական կյանքը ակտիվացնել, բայց արդեն տարին բոլորվել է, իսկ որեւէ քայլ պատգամավորի կողմից իրականացված չէ: Քաղաքապետի թեկնածու Հայկ Հայկյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքը կփորձի՞ խնդրի լուծումն արագացնել իր ընտրվելու պարագայում. «Այո, այդ հարցը մենք փորձելու ենք լուծել: Մենք պետք է ունենանք երիտասարդական խորհուրդ, որը զբաղվելու է երիտասարդների հարցերով»,- ասաց նա եւ խոստացավ իր ընտրվելու դեպքում բանավանում որեւէ երիտասարդական կենտրոն բացել հատուկ բանավանի երիտասարդների համար:
Հիշեցնենք, որ Արարատի նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո Արարատ քաղաքում նշանակվել են արտահերթ քաղաքապետի ընտրություններ, առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից Հայկ Հայկյանը եւ ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը: Ընտրության օրը նոյեմբերի 10-ն է:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ