Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկու պատճառ՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ քրգործ հարուցելու համար․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2013 20:49

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տնից Գորիսի միջադեպից հետո ինքնաշեն զենք էր հայտնաբերվել, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Անօրինական զենք պահելու համար, ըստ Բուդաղյանների, պետք է Սուրիկ Խաչատրյանի դեմ քրեական գործ հարուցվեր, ինչը չի արվել:

Սուրիկ Խաչատրյանի պաշտպանները դա պատճառաբանում են այսպես՝ այդ ինքնաշեն զենքը օրինականացված է եղել: Ընդ որում, վարկած էլ կա, որ այն եղել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նվերը: Թե ինչու էր ոստիկանապետը ինքնաշեն զենք նվիրում իր ընկեր մարզպետին՝ դա հարցի մի կողմն է:

Այսօր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը մեկ այլ պատճառ էլ է առաջ քաշում, թե ինչու Սուրիկ Խաչատրյանը պետք է պատասխանատվության ենթարկվեր՝ Գորիսի միջադեպի գործի շրջանակներում:

«Ոչ միայն ինքնաշեն զենքի համար արդեն պիտի Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք վաղուց առաջադրվեր, մի հատ էլ ուրիշ  հոդված պիտի առաջադրված լիներ, որ ինքը զենքի պահման կանոնները չի պահպանել, որի արդյունքում իր զենքը հայտնվել է Տիգրան Խաչատրյանի ձեռքում: Դա էլ չեն առաջադրել»:

Խաչատրյանների փաստաբան Ռուբեն Սահակյանը գտնում է, որ ինքնաշեն զենքը պահելու կանոնները խախտելու համար քրեական գործ է հարուցվում այն դեպքում, եթե դա առաջացնում է ծանր հետեւանք: Հայկ Ալումյանի մեկնաբանությամբ՝ «Տիգրան Խաչատրյանին երկար ժամանակ՝ 3 ամիս, մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար: Այսինքն 3 ամիս նախաքննական մարմինը համարում էր, որ ծանր հետեւանքներն առկա են, մինչեւ սեպտեմբերի 7-ը այդպես էր: Հիմա, եթե իրենց իսկ տրամաբանությամբ առաջնորդվեին, ապա Սուրիկ Խաչատրյանին պիտի այդ մեղադրանքն առաջադրեին: Ինչ է, գիտեին, որ 3 ամիս հետո Տիգրանից հանելո՞ւ էին մեղադրանքը: Ստացվում է, որ իրենք 3 ամիս առաջ էլ գիտեին, որ Տիգրանից հանելու էին մեղադրանքը, դրա համար Սուրիկ Խաչատրյանին այդ մեղադրանքը չեն առաջադրել: Եթե Տիգրանին այդ մեղադրանքն էին ներկայացնում, ուրեմն հետեւանքներն էլ պիտի վերագրեին նրա հորը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031