Մտավորականը նախ և առաջ իր ոլորտում կայացած, իր մասնագիտության լավ տիրապետողն է, ապա նաև ժողովրդի ցավով ապրողը, նրա խնդիրները բարձրաձայնողը, իր խիղճը չվաճառողը: Մտավորականն այսօր մեր ժողովրդի աջակցության կարիքն ունի: Մտավորականն այն մարդն է, ով իր ոլորտում կայացած է, արժեքներ է ստեղծել: Մտավորականը այն մարդն է, ով գնում է ժողովրդի ցավի հետեւից: Նա միշտ ցավի կողքին է»,- այսօր «Նոյյան տապան» լրատվական ակումբում ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Ըստ նրա` բացի ստեղծագործելուց՝ մտավորականը պետք է ապրի ժողովրդի ու երկրի առջև ծառացած խնդիրներով: Այդ նպատակով ստեղծվել է մտավորականներից ու մշակույթի գործիչներից բաղկացած խորհուրդ, որը գործում է «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի ներքո: Խորհուրդը ղեկավարում է Երևանի գրողների միության նախագահը, պատվավոր նախագահը Երվանդ Մանարյանն է:
Այս ընթացքում արդեն երեք նիստ է գումարվել: «Առաջին նիստում քննարկել ենք հայկական հեռուստաեթերի վիճակը. ինչ է մատուցվում այսօր մեր հեռուստադիտողներին. բացի ագրեսիայից, բռնությունից ու ցածրաճաշակ շոուներից, գրեթե ոչինչ: Ես հանդիպումներ եմ ունեցել հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, ներկայացրել մեր առաջարկները: Կարծում եմ՝ փոքրիկ առաջընթաց կա: Երկրորդ նիստում կոչ ենք արել մեր հասարակությանը լինել համեստ: Մենք տեսնում ենք, ինչպես են հարուստներն ընդգծում իրենց հարուստ լինելը, ցուցադրում իրենց հարստությունը համատարած այս աղքատության ֆոնին: Սա բարոյական չէ: Երրորդ նիստում քննարկել ենք կարևոր մի խնդիր՝ Հայաստանում տարվող կադրային քաղաքականությունը, որը մեկ բառով կարելի է անվանել աղետ: Չի կարելի որևէ ոլորտի ղեկավար ընտրել կուսակցական պատկանելիությամբ»,-ընդգծեց Ափինյանը` նկատելով, որ ելքը մեկն է՝ ոլորտները ղեկավարող անձանց գործունեությունը հարկավոր է փոխել: «Եթե մեր առաջարկներից հետո որևէ փոփոխություն չեղավ, մենք պահանջելու ենք այդ անձանց հրաժարականը»,-ասաց բանախոսը:
Խորհրդի պատվավոր նախագահը՝ Երվանդ Մանարյանը, խնդրել է խորհրդի անդամներին հարցեր քննարկելիս դրանք շատ չքաղաքականացնել: «Երբ համակարգ է փոխվում, որը դեռ ձեւավորված չի, չգիտի էլ` ինչ է ուզում: Նոր համակարգի ցանկությունը նախորդի վերացումն է: Պետք է համբերություն ունենալ, խոնարհաբար լսել բոլորին, բայց չկորցնել սեփական սկզբունքները»,-ասաց Մանարյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է տարիներ առաջ քաղաքական մի ուժի` ՀԱԿ-ի կողքին կանգնած լինելուն, վերջինս ասաց. «Ես հիմա էլ քաղաքական այդ ուժի հետ լավ հարաբերություններ ունեմ: Պարզապես այդ ուժը հիմա որևէ բան չի անում կամ անում է, որը հասարակության լայն հատվածներին հայտնի չէ, բայց այդ մարդիկ կարգին մարդիկ են: Եվ հիմա էլ, ում հետ, որ գնում եմ, դրանք արդեն կուսակցական չեն»,- ասաց Մանարյանը, ում խոսքին հավելելով Ափինյանը շեշտեց՝ մտավորականն իրավունք չունի լինելու որևէ կուսակցության խոսափողը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Երբ շատ հարգելի՝ Երվանդ Մանարյանն է խոսում, ավելացնելու բան չկա: Բայց անառակաբարո
իշխանությունից շատ բան չես պահանջի, նրանք իվիճակի են ամեն մի ստորության: