Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Սյունիքի մարզի գյուղացիներից իրենք բողոքներ են ստացել, որ ոչխարների արտահանման ոլորտում մենաշնորհ կա, գյուղացիները չեն կարողանում ոչխար արտահանել Վրաստան ու Իրան: Պատգամավորը նաև նշեց, որ այս ոլորտի բիզնեսի հետ Սերժ Սարգսյանի եղբոր անունն է կապվում:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ այսպես պատասխանեց. «Մենք շատ մեծ արոտավայրեր ունենք: Այսօր հանրապետությունում նպաստավոր պայմաններ են, որը բերում է անասնագլխաքանակի ավելացմանը: Ոչ մի մոնոպոլիա չկա, եթե ցանկություն ունեք զբաղվել այդ բիզնեսով, ես պատրաստ եմ ձեզ օգնել: Գյուղատնտեսության ոլորտում ընդհանրապես մոնոպոլիաներ չկան»: Սերգո Կարապետյանը նաև Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց. «էդ ո՞նց է՝ ձեզ բողոքում են, մեզ չեն բողոքում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ