«Ժողովուրդ, ես արդեն հոգնել եմ Փակ շուկայից, բազմիցս հայտարարել եմ, որ մենք ամեն ինչ արել ենք օրենքով նախատեսված կարգով։ Փակ շուկայի հարցով մշակույթի նախարարությունն օրենքի խախտում չի արել», – այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ Մշակույթի նախարարությունը Փակ շուկայի նոր նախագիծը չի հաստատել, և համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են իրավապահ մարմիններին։ «Մեր լիազորությունների մասով ամեն ինչ կատարված է, ինչքա՞ն կարող եմ այս հարցը մեկնաբանել, որևէ նոր բան ձեզ, ցավոք, չունեմ ասելու»,- պնդեց Պողոսյանը։
Լրագրողի հարցին, թե հնարավոր կլինի՞ Փակ շուկան վերադարձնել նախկին, հին տեսքին, ինչի համար պայքարում են մի խումբ քաղաքացիներ, մշակույթի նախարարը հստակ պատասխան չտվեց, այլ պարզապես հույս հայտնեց, որ իրենք կկարողանան ժամանակի ընթացքում լուծել այդ խնդիրները. «Պետք է հասկանալ, թե ինչու են մերթընդմերթ նման հարցեր ծագում»:
Նախարարը նաև ասաց, որ ափսոսում է, որ Փակ շուկան նման ճակատագրի արժանացավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ