«Երեկ չէ առաջին օրը եղել եմ Արմավիրում, շփվել գյուղացիների հետ: Իրավիճակը, մեղմ ասած, աղետալի է: Ինձ ասացին, օրինակ, որ գյուղնախարարությունը շատ քիչ ծրագրեր է իրականացնում, 40 հազար դրամ է տրվել տուժած գյուղացիներին, որ դիզվառելիքը, որը հատկացվել է նրանց, սարսափելի որակի է և այլն: Ընդհանուր տպավորությունն այն է, որ մարդիկ անելանելի վիճակում են և չգիտեն ինչպես հաղթահարեն այն վիճակը, որում հայտնվել են»,- այսօր խորհրդարանում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանին դիմեց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը և հետաքրքրվեց` դուք ունե՞ք ինչ-որ մոդել, թե ինչպես պետք է զարգացնեք գյուղատնտեսությունը Հայաստանում: Սա Զուրաբյանի միակ հարցը չէր. «Այսօր դուք վարում եք ուրբանիստական քաղաքականություն, ստեղծելով կալվածատիրական գյուղատնտեսություն` պահուստային հողերից 20 տոկոսը տրամադրվել է խոշոր կառավարման, իսկ գյուղացին դրանից ընդհանրապես չի օգտվում, այս տարիների ընթացքում վերացվել են բոլոր շուկաները, որտեղ գյուղացիները կարող էին յուրացնել իրենց արտադրանքը, գյուղացին այսօր կտրված է շուկայից, իսկ շուկայում ստեղծված են բարենպաստ պայմաններ խոշորների համար, բայց ոչ` գյուղացիների: Էլ չեմ խոսում վարկային քաղաքականության մասին»: Նա բերեց նաեւ «Ֆլեշ» ընկերության օրինակը, ում դիզվառելիք ներկրելու մենաշնորհ է տրված, բայց որն անորակ է եւ գյուղացիները չեն օգտագործում: Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատերը գործարար Բարսեղ Բեգլարյանն է, ով համարվում է նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից: Ի դեպ, վերջին քառօրյայում Զուրաբյանն այս հարցը տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով ասաց, որ ինքը Բեգլարյանի հետ ընդհանուր շահ չունի ու զուտ տնտեսական նպատակահարմարությունից ելնելով է կառավարությունը դիզվառելիքը մատակարարի միջոցով բաշխում:
«Ես համաձայն չեմ ձեր տեսակետների հետ, իսկ դուք ներկայացրեցիք ձեր ծրագրերը: Հետագայում, եթե գաք իշխանության,կիրականացնեք այդ ծրագիրը»,- պատգամավորին հակադարձեց նախարարը: Նա ասաց, որ չի հասկանում, թե Արմավիրում այդ ում հետ է հանդիպել Զուրաբյանը, որ բողոքել են ու եզրակացրեց. «Երևի ձեր համախոհների հետ եք հանդիպել, նրանք են դժգոհում»: Նախարարը բավական երկար թվարկեց, թե ինչ է արվել, մասնավորապես, Արմավիրում կարկտահարությունից հետո ու զարմացավ. «Այդ ո՞վ է բողոքում դիզվառելիքից»: Անդրադառնալով շուկաների խնդրին՝ նախարարը համաձայնեց, որ խնդիրն առկա է, բայց մատնանշեց, որ ստեղծվել են գյուղատնտեսական տոնավաճառներ, որտեղ բացառված են վերավաճառողները և հավաստիացրեց, որ սա, լինելով նոր մշակույթ առևտրի բնագավառում, շարունակական է լինելու: Իսկ գյուղատնտեսության զարգացման ծրագրերն էլ, որոնց մի մասը դուր չի գալիս պատգամավորին, ասաց, որ ներկայացված են կառավարության գործունեության ծրագրում. «Այս բոլոր ծրագրերը, որ թվարկեցի, ես համարում եմ աննախադեպ: Եվ սրանց շնորհիվ է, որ գյուղատնտեսության ոլորտում աճ ունենք»: Թեպետ նախարարը բավականին երկար խոսեց գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներից ու նրանից, որ կառավարությունը չի գողացել է ՀԱԿ-ի ծրագրերը, որ այն վատ իրականացնի ու աղավաղի, բայց Զուրաբյանին չհամոզեց:
Ի դեպ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, պատգամավորներին ներկայացնելով 2014-ի պետական բյուջեով նախատեսված անելիքները իր գլխավորած ոլորտում, ասաց, որ սահմանափակ վարելահողերի պայմաններում մշակվող հողերի ավելացումը, բերքատվության ավելացումը գյուղատնտեսության նախարարության գերակա խնդիրներն են: Ըստ նախարարի` այս տարի նախարարությունը կանխատեսում է 6,5-7% աճ, իսկ հաջորդ տարի 6% աճ ոլորտում: Նա նշեց, որ գյուղացիական տնտեսությունների ստեղծած արդյունքը պակաս է, ինչը ցավալի է, բայց երկրի ապագան` գյուղատնտեսության զարգացման իմաստով, կոոպերատիվների ստեղծումն է ու խոշորացումն է. «150-155 կոոպերատիվներ այսօր արդեն ունենք, դրանք են մեր երկրի ապագան: Դժվար է, բայց պետք է անցնենք, ինչպես ուրիշ երկրներն են դա արել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ