Այսօրվա մամուլի ասուլիսում հնչած հարցին, թե Վարդան Մինասյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե հավաքականը կգլխավորի իսպանացի կամ իտալացի մարզիչ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Դուք ճիշտ չեք հասկացել: Դա ընդամենը խորհուրդ է: Նա ինձ էլ է խորհուրդ տվել, թե ցանկալի է հավաքականի նոր մարզիչը լինի իսպանացի կամ իտալացի, քանի որ մեր ֆուտբոլային մտածելակերպը, խաղաոճերը, ֆուտբոլիստները, անձնական որակները իրար նման են: Իտալացի եւ իսպանացի մարզիչների տակտիկա-տեխնիկական մտածելակերպը մերին նման է, ու նրանց համար հավաքականում ավելի հեշտ կլինի աշխատել:
Բայց չի բացառվում, որ մենք ունենանք գերմանացի կամ արգենտինացի մարզիչ: Պարզապես, մենք դա ինքնանպատակ չպետք է անենք: Անձամբ ես մի քանի մարզչի ընտրության հարցում ժամանակին սխալվել եմ եւ չեմ ուզում կրկին սխալվել: Ընտրություն կատարելիս պետք է շատ խորն ուսումնասիրություն կատարել, որպեսզի հավաքականում նոր ռեֆորմներ չանենք: Դրա ժամանակը չկա: Պիտի լինի այնպիսի մարզիչ, որն ամենակարճ ժամանակում ընտելանա թիմին, ֆուտբոլիստներն էլ` մարզչին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ