Գնահատելով անցած ընտրական փուլում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները եւ խոսելով հավաքականի նոր մարզչի ընտրության մասին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօրվա մամուլի ասուլիսում ասաց. «Քանի որ ֆեդերացիան եւ ես հավաքականի առջեւ աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճելու խնդիր էինք դրել եւ դա չստացվեց, ես մրցաշրջանը համարում եմ ձախողված: Ինչ վերաբերում է Վարդան Մինասյանի հրաժարականին, շատ եմ ափսոսում: Այսօր լրանում է պայմանագրի ժամկետը, եւ Վարդան Մինասյանը գործկոմի նիստում կատարած աշխատանքի մասին հաշվետվություն պետք է տա:
Ես շատ կուզեի Վարդան Մինասյանի հետ աշխատել, քանի որ ավելի լավ գիտեմ նրա ունակությունները, կարողությունները, նվիրվածությունը ազգային հավաքականին, հայկական ֆուտբոլին եւ գտնում եմ, որ Վարդանը դեռ շատ անելիք ունի հատկապես հավաքականում: Ափսոսում եմ, որ ինձ չհաջողվեց նրան համոզել: Ես արդեն երկու անգամ փորձել եմ համոզել եւ նա մերժել է: Կարծում եմ, որ Վարդան Մինասյանի որոշումը վերջնական է, որովհետեւ, եթե ինձ չհաջողվեց համոզել, դժվար թե գտնվի մեկ ուրիշ մարդ, որն ինձնից լավ դա կանի:Նոր մարզչի ընտրության հարցում բանակցություններ են գնում մի քանի մասնագետների հետ: Այս պահին չեմ ուզում անուններ հրապարակել: Բայց խոստանում եմ, որ երբ ինչ-որ բան հստակեցվի, առաջինը դուք` լրատվամիջոցներդ, կտեղեկացվեք»
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` PanArmenian Photo- ի