Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Aravot.am-ը պատասխանող է, կողմի «ներողության» բովանդակությունը դատարանում է

Հոկտեմբեր 30,2013 16:44

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի վարույթում է գտնվում «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սենիկ Ջուլհակյանի ՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հայցը:

Հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար Սենիկ Ջուլհակյանն իր 24 էջից բաղկացած հայցադիմումում պահանջում է ներողություն, զրպարտության ձեւով արատավորող տեղեկությունները հերքել, եւ փոխհատուցում տալ:
Հմայակ Հովհաննիսյանի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը:
Մեր լրատվամիջոցը նախնական դատական նիստերին դեռ չի մասնակցել, ու դեռ ներկայացուցիչ այս գործով չունի:
Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում է aravot.am-ում հունիսի 10-ին տպագրված «Հմայակ Հովհաննիսյան. «Սուրեն Խաչատրյանը, չլինելով մարզպետ, շարունակում է մնալ Սյունիքի ավազակապետ» վերնագրով հոդվածը: Հայցապահանջի հիմքում դրված է հոդվածի ենթավերնագիրը՝ «Նա վստահեցնում է, որ Գորիսի դեպքերից հետո էլ Սուրեն Խաչատրյանը չի հրաժարվել Քաղաքագետների միության շենքը վերցնելու մտքից»:
Հայցվորը վիրավորական արտահայտություն է համարել հոդվածում նշված հետեւյալ արտահայտությունը. «Նա (Սենիկ Ջուլհակյանը) Սուրեն Խաչատրյանի փողերը լվացողն է»:
Իսկ, ըստ հայցվորի, զրպարտչական են համարվել մեր լրատվամիջոցի զրուցակցի՝ Հմայակ Հովհաննիսյանի կողմից արված հետեւյալ արտահայտությունները. «Սենիկ Ջուլհակյանն իր սեփական միջոցները չունի…», «Նա չի վճարել մի կանխավճար, որը պարտավոր էր վճարել Հայ համայնքների միության ֆորումի նախագահին: Նա խուսափել է վճարել 10 հազար եվրո կանխավճար», «Նա չուներ գրասենյակ, չուներ ոչինչ, ոչինչ չուներ..», «Իրականում նա ցանկանում էր այդ տարածքը զավթել ամեն գնով»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայցվորի ներկայացուցիչն է Գեղամ Այվազյանը, որի հետ 25.06.2013թ.-ին կնքվել էր փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագիր, եւ կողմը պարտավորվել է այս հայցի շրջանակներում մատուցած ծառայությունների համար նրան վճարել 200 000 ՀՀ դրամ գումար: Ի դեպ, այդ գումարը կողմը պահանջում է պատասխանողներից՝ Հմայակ Հովհաննիսյանից եւ մեր լրատվամիջոցից:
Սենիկ Ջուլհակյանը դատարան է ուղարկել «ներողության» բովանդակությունը, որը դատական ակտից հետո հայտնի կդառնա՝ տպագրվելո՞ւ է մեր լրատվամիջոցում, թե՝ ոչ:
Սենիկ Ջուլհակյանն իրեն վիրավորելը գնահատել է 280 000 ՀՀ դրամ, որպես փոխհատուցման գումար, իսկ զրպարտությունը՝ 320 000 ՀՀ դրամ:
Դատաքննությունը նշանակվել է նոյեմբերի 27-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031