«Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում, այսպես ասած, երեք ներգաղթ ենք ունեցել՝ 90-ականներին՝ Սումգայիթ, Բաքվի դեպքերի ժամանակ, 2000-ականներին՝ իրաքյան պատերազմի ժամանակ և հիմա՝ սիրիական պատերազմի հետևանքով։ Եթե համեմատենք, ապա կտեսնենք, որ ներգաղթի խնդիրը Հայաստանի ղեկավարությունն ամենափայլունը վերջին շրջանում է լուծել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայ ներգաղթյալների պատմությունը հիշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը`անդրադառնալով սիրիահայերի`Հայաստանից արտագաղթելու խնդրին:
«Մեր երկիրն ամենազարգացած և հարուստ երկիրը չէ, որ սիրիահայը գա և միանգամից իր բոլոր սոցիալական խնդիրները լուծվեն, բնակարաններ ստանան»,- ասաց նախարարը` հավելելով, որ Իրաքից Հայաստան էր եկել մոտ 2000 հոգի, իսկ այսօր մնացել է 400 իրաքահայ, քանի որ նրանց որևէ խնդիր չլուծվեց, բացի Դարբնիկում մի քանի բնակարան հատկացնելուց: Ըստ նախարարի՝ ՀՀ իշխանությունները սիրիահայերի համար ապահովել են բոլոր պայմանները՝ պետության կողմից արդեն հատկացվել է շուրջ 20 մլն դոլարի օգնություն. «Հիմա էլ ընթացքի մեջ է «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման աշխատանքները, որպեսզի նրանք այստեղ մնան, հաստատվեն։ Սիրիահայերի 30 տոկոսը բնակարան ունեն և ապրում են իրենց սեփական բնակարաններում, նրանց մի հատվածը կարողացել է իր ֆինանսներով լուծել վարձի խնդիրը և ապրում է շատ բարեկարգ բնակարաններում, իսկ մյուս խումբը, ովքեր բավարար գումար չունեն, նրանց բնակարանային հարցերը հնարավորինս լուծում ենք: Չեք կարող ցույց տալ մի սիրիահայ, ով այսօր փողոցում է մնացել»։
Ըստ Հրանուշ Հակոբյանի, Հայաստան ժամանած սիրիահայերի թիվն արդեն անցել է 10 հազարը ու շատ քչերն են, որ գնացել են այլ երկրներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ