Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը հոգեկան տվայտանքներ չի ուզում

Հոկտեմբեր 30,2013 16:23

«Հոգեկան տվայտանքներ մի առաջացրեք այնտեղ, որտեղ իրականում տվայտվելու տեղ չկա։ Իհարկե, Հայաստանում կա 30 տոկոսից ավելի աղքատություն, բայց եթե խոսում ենք իշխանական ապարատի որակի մասին, ապա պետք է լինի բարձր վարձատրություն։ ԿԳ նախարարությունից երկու տարվա ընթացքում 7-8 լավագույն մասնագետներ գնացել են բուհեր, միջազգային կառույցներ, որտեղ աշխատավարձերը եռակի ավելի են, զբաղվում են սեփական բիզնեսով։ Ուզո՞ւմ ենք մարդ պահել, ինձնից ռեֆո՞րմ եք ուզում, թողեք, որ որակյալ մասնագետ բերեմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն`անդրադառնալով պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերվող հարցին։

Հարցին՝ աշխատավարձերի բարձրացումը կօգնի՞ գլխատել կոռուպցիան, Արմեն Աշոտյանն ասաց, որ եթե չկրճատվի էլ, ապա ծավալները կնվազեն։ Ի դեպ, նախարարը կարծում է, որ ԿԳ նախարարությունում կոռուպցիոն ռիսկերը, եթե վերացված չեն, ապա կտրուկ նվազել են. «Միանգամից կտրել չի ստացվում, կտրում ես, մեկ է՝ աճում է։ Որտե՞ղ չկա կոռուպցիա․․․Կոռուպցիայի վերջնական հաղթահարում չի հաջողվել և ոչ մեկին, գլխավորը նվազեցնելն է, որպեսզի այն չդառնա պետության անվտանգության խնդիր»:
Լրագրողներից մեկի հարցին` հնարավո՞ր է տարեվերջին կառավարությունը հրաժարական տա, քանի որ չի կարողացել ապահովել 7 տոկոսանոց տնտեսական աճ, ինչի մասին տարեսկզբին հայտարարել էր նախագահը: Ի դեպ, Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե այդ ցուցանիշը կառավարությունը չապահովի, պետք է հրաժարական տա: «Տեսականորեն, որևէ կառավարության հրաժարական երբևէ չի բացառվում, իսկ գործնականորեն ես կարծում եմ, որ առկա բոլոր խնդիրներով հանդերձ՝ խնդիրն այսօր կառավարության ղեկավարումը չէ, այլ այն, որ չկա այլընտրանքային կառավարության կազմ։ Ընդդիմությանն ասում եմ՝ ցույց տվեք ինձ որևէ կառավարություն, որտեղ ձեզնից մեկն Աշոտյան Արմենի տեղը կարող է լինել կրթության նախարար»։
Նա հայտարարեց, որ ինքը պատիվ է համարում աշխատել ՀՀ կառավարության կազմում, իրեն հաճելի է աշխատել ՀՀԿ-ի կողմից ձևավորված այս կառավարության՝ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ գործող կառավարության կազմում։ «ՀՀԿ-ն ինքն է որոշել նման կառավարության ձևաչափ, և կուսակցության նախագահը դեռ առիթ կունենա քննարկելու այս տարվա տնտեսական հաջողություններն ու խնդիրները, ինչպես նաև մյուս տարվա անելիքները»,- ասաց ԿԳ նախարարը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031