Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում ո՞ւմ են տրվելու նախագահականի կողմից հատկացված գումարները

Հոկտեմբեր 30,2013 16:16

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության`ՀԵՀ-ի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին այն կազմակերպությունների անունները, որոնք հնարավոր է ստանան դրամաշնորհ: 
Որոշվեց հայտարարված 40 անվանակարգերում դրամաշնորհ հատկացնել 19 կազմակերպությունների: ՀԿ-ներին առաջարկվում է ծրագրեր իրականացնել ծխելու դեմ պայքարի, վերարտադրողական առողջության, գյուղացու խնդիրների բարձրացման ոլորտներում, որոնց համար կտրամադրվի 1.5 միլիոնից մինչև 5 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ դրամաշնորհների բաշխման հարցում ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հարցում ամենևին էլ դրական հիշողություններ չկան:
Օրինակ` Ռոբերտ Քոչարյանի ժամանակ գումարները բաշխում էր Վահե Հովհաննիսյանի «Հասարակական երկխոսությունների կենտրոն» ՀԿ-ն, Սերժ Սարգսյանն այդ առաքելությունը վստահեց ՄԻԱԿ նախագահ, նախկինում ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանին: Այս գործընթացը սկանդալ առաջացրեց, երբ պարզվեց, որ երեք տարվա ընթացքում նախագահականի տրամադրած 500 միլիոն դրամից հատկացվել էր Լեւոն Մարտիրոսյանի հիմնադրած «Զարգացում եւ ինտեգրացիա» ՀԿ-ին ու բազում ձևական կազմակերպությունների, որոնք ունեին միևնույն հիմնադիրը:
Այս անգամ մրցութային հանձնաժողովը այլ մոտեցում է ցուցաբերել` ոչ թե մեծ ֆինանսական հատկացումներ անել մի քանի կազմակերպությունների, այլ հնարավորություն տալ դաշտի բոլոր խաղացողներին օգտվել դրամաշնորհից:
Կան նաև խոսակցություններ, թե նախագահականից այլևս Լևոն Մարտիրոսյանին գումար չեն տա, կտան Կարեն Ավագյանին: Պարոն Ավագյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է մեկնաբանում այս լուրերը: Նա պատասխանեց. «ՀԵՀ-ն իրականացնում է միայն մրցույթը: Իսկ պայմանագիրը կնքվում է համապատասխան ՀԿ-ի և նախագահի աշխատակազմի միջև, որից հետո նախագահի աշխատակազմը ՀԿ-ներին տրամադրում է գումարները: Ինչ վերաբերում է նրան, որ ինձ են տալու գումարները, ապա դրանք ուղղակի չարախոսություններ են, քանի որ որոշումը կայացնում է հանձնաժողովը, որն ունի բավականին ներկայացուցչական կազմ, և որի որոշման արդյունքում է հայտարարվելու մրցույթում հաղթողը: Մնացածը` շահարկողների խղճին»:
Aravot.am-ը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` ՀԵՀ-ի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի հակածխախոտային ծրագրերի ղեկավար «Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքի ներկայացուցիչ Նարինե Մովսիսյանից հետաքրքրվեց` փորձագիտական վերլուծությունն ի՞նչ է հուշում, ինչպիսի՞ն էին ներկայացված ծրագրերը, տիկին Մովսիսյանը պատասխանեց. «Միջին և միջինից ցածր որակ էր, դրա համար նորից պիտի աշխատել, կապը պաշտպանել ՀԵՀ-ի հետ, որը բաց է նման քննարկումների համար»:
Մեր այն հարցին` ի՞նչ երաշխիքներ, որ գործընթացը թափանցիկ և անկողմնակալ կընթանա, քանի որ այս առումով մեղմ ասած բացասական փորձ ունենք, տիկին Մովսիսիյանն այսպես արձագանքեց. «Կարող եմ ասել, որ գործընթացը բարեփոխվում է, ու թեև մենք ունեինք բավականին բացասական փորձառություն նախորդ տարիների հետ կապված, հիմա փորձ է արվում գործընթացը ավելի թափանցիկ դարձնել: Ես անձամբ երաշխիք չունեմ, բայց մյուս կողմից էլ մեր`որպես ՀԿ դաշինիքի մասնակցությունը ինչ-որ չափով երաշխիք է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031